Brexit-ի մասին պայմանագրի նախագիծը համաձայնեցված է

Լուսանկարը` vestikavkaza

Լոնդոնն ու Բրյուսելը տեխնիկական մակարդակում համաձայնեցրել են Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի  դուրս գալու պայմանների մասին պայմանագրի նախագիծը: Այս մասին հայտնում է Euronews-ը: Պայմանանագրի նախնական տեքստը պետք է հաստատվի քաղաքական մակարդակում, որի քննարկման նպատակով այսօր՝ նոյեմբերի 14-ին կկայանա Մեծ Բրիտանիայի նախարարների կաբինետի արտահերթ նիստ: Այս կարևոր նիստին ընդառաջ վարչապետ Թերեզա Մեյն առաջարկել էր նախարարներին ծանոթանալ համաձայնագրի նախագծի հետ:

Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը հայտարարել էր, որ ընդդիմության ներկայացուցիչները դեմ կքվեարկեն, եթե համաձայնագրի տեքստը հաշվի չառնի երկրի բոլոր բնակիչների շահերը:

Այսօր համաձայնագրի նախագիծը քննարկվելու է նաև Բրյուսելում ԵՄ անդամ երկրների մշտական ներկայացուցիչների կողմից:

Brexit-ի հարցում հիմնական կռվախնձորը մնում է ԵՄ անդամ Իռլանդիայի և Միացյալ Թագավորության մաս կազմող Հյուսիսային Իռլանդիայի միջեւ սահմանի հարցն է։ Երկու կողմերն էլ ուզում են Brexit-ից հետո քաղաքացիների, ապրանքների և ծառայությունների համար պահպանել այդ սահմանի թափանցիկությունը, սակայն դեռեւս որոշում կայացված չէ։