Ընտրություններ բոլորի համար. ԵՄ կողմից 850,000 եվրո աջակցություն երեք նոր ծրագրերի, որոնք ուղղված են քաղաքացիական հասարակության ներգրավմանն ու վերահսկողության ուժեղացմանը

Եվրոպական միությունը հատկացնում է 850,000 եվրո աջակցություն Հայաստանում քաղհասարակության երեք նոր ծրագրերին ընտրությունների նախապատրաստման և մոնիթորինգի համար: Ծրագրերը ֆինանսավորվում են Ժողովրդավարության և մարդու իրավունքների եվրոպական նախաձեռնության Հայաստանի համար նախատեսված բյուջեից: Դրանց հիմնական տարրերն են առաջին անգամ՝ ընտրողների, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց, նորավարտ լրագրողների, քաղաքացիների և այլ հիմնական շահառուների քաղաքացիական ներգրավվածություն և իրազեկվածության բարձրացում, ինչպես նաև սոցիալական մեդիայի մոնիթորինգի նախաձեռնություն և երեք տարբեր դիտորդական առաքելություններ: Այս աջակցությունը Եվրոպական միության անունից «ՀԸԳԱ ծրագրի ընդհանուր ֆինանսական զամբյուղ»-ին (համաձայնագիրը ստորագրվել է 2018 թվականի նոյեմբերի 14-ին, 1,500,000 եվրո ներդրում) զուգահեռ է,  որի նպատակն է հզորացնել ընտրական կառավարման համակարգը 2018 թվականի դեկտեմբերի 9-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններին պատրաստվելիս:

Եվրոպական միությանը միտված է ստեղծել հարթակ, որպեսզի քաղաքացիները ներգրավվեն ընտրական գործընթացներում և նպաստեն Հայաստանի ժողովրդավարացմանը: Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից ընտրական գործընթացի դիտարկման և վերլուծության արդյունքները կտարածվեն ընտրական ամբողջ գործընթացի ընթացքում՝ օգնելով Հայաստանի քաղաքացիներին լինել տեղեկացված ընտրությունների նախապատրաստման, անցկացման, ինչպես նաև ընտրություններից առաջ, ընտրությունների օրը և դրանից հետո առաջացած խոչընդոտների մասին: Ընտրություններից հետո յուրաքանչյուր ծրագիր կներկայացնի Հայաստանում ընտրական փորձի վերաբերյալ վերլուծական փաստաթուղթ՝ ներառելով առաջարկություններ, որոնք կներկայացվեն ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ Հայաստանից դուրս: Այսպիսով ավելի շատ տեղեկատվություն հասանելի կլինի Հայաստանում ընթացիկ քաղաքական և ընտրական համատեքստի մասին, ինչն էլ կներառվի ընտրական բարեփոխումների վերաբերյալ միջազգային քննարկումներում:

Ծրագրերի մասին մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ՝ սեղմելով ծրագրի վերնագրերը ստորև:

ԵՄ-ի կողմից ֆինանսավորված ծրագրերի վերաբերյալ ամփոփ տեղեկություն

  1. Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջոցով Հայաստանում ընտրական գործընթացների նախապատրաստում  և մոնիթորինգ. ընտրություններ բոլորի համար

Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Ընտրություններ բոլորի համար» ծրագիրը կնպաստի և կխթանի մարդու հիմնարար իրավուքի՝ քվեարկության իրավունքի, իրացմանը՝ ապահովելով քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և քաղաքացիների համակարգված ներգրավվածությունը Հայաստանում դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստմանը և մոնիթորինգին: Ծրագրի գործընկերները անմիջանականորեն կներգրավեն քաղաքացիներին, այդ թվում՝ կանանց, երիտասարդներին, հաշմանդամություն ունեցող անձանց և հասարակության այլ խմբերին, որպես դիտորդներ՝ պահելով  ընտրական իրավունքը բոլոր գործողությունների կիզակետում:

Ընտրություններից հետո ծրագիրը կհրապարակի ուսումնասիրություն, որը կվերլուծի Ազգային ժողովի ընտրությունները քաղհասարակության և հասարակության խոցելի խմբերի տեսանկյունից:  Սա նշանակալի ներդրում կլինի Հայաստանում ընտրական բարեփոխումների վերաբերյալ հետագա քննարկումներում և կծառայի այն գործին, թե ինչպես ստեղծել  Հայաստանում բարենպաստ միջավայր էլ ավելի ներառական, վստահելի և թափանցիկ ընտրական գործընթացների համար:

  1. Դիտորդական կարողությունների զարգացում  և Հայաստանի Հանրապետությունում ԱԺ ընտրությունների օրինավորության խթանում

Եվրոպական միության (ԵՄ), Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED), ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության / Ժողովրդավարության ազգային ինստիտուտի (NDI) և Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի ֆինանսական աջակցությամբ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնն (ԹԻՀԿ) իրականացնելու է ընտրական ծրագիր` Ընտրությունները դիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանցի (ENEMO) hետ համատեղ:

Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում ընտրությունների համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը, որը կհամապատասխանի միջազգային չափանիշներին և մարդու հիմնարար իրավունքների մասով ստանձնած պարտավորություններին: Սա ենթադրում է պրոֆեսիոնալ թիմի աշխատանք, որը կվերապատրաստվի իրականացնելու դիտորդություն միջազգային փորձի և առաջադեմ մեթոդաբանությունների հիման վրա, այդ թվում՝ ընտրանքային դիտորդության մեթոդով՝ ներգրավելով ընտրությունների դիտարկմանը մասնակցելու ցանկություն ունեցող քաղաքացիների:

Ծրագիրը կխթանի համագործակցությունը իրականացնող գործընկերների միջև, ինչը կնպաստի ինչպես ԹԻՀԿ-ում, այնպես էլ ԹԻՀԿ-ի հետ աշխատող փորձագետների կարողությունների աճին և տեղական դիտորդների մասնագիտական զարգացմանը:

  1. ENEMO միջազգային դիտորդական առաքելությունը Հայաստանի Հանրապետության խորհրդարանական ընտրություններին

Ծրագրի նպատակն է կազմակերպել դիտորդական առաքելություն` դիտարկելու 2018 թվականի դեկտեմբերին կայանալիք ընտրությունները և հետագայում առաջարկություններ ներկայացնելու: Ընտրություններն եղել են Հայաստանի քաղաքական կյանքի ամենավիճահարույց իրադարձություններից մեկը: Հետևաբար, առաջիկա ընտրությունների նկատմամբ մեծ է լինելու հետաքրքրությունը և’ միջազգային ասպարեզում, և’ Եվրոպայում, և’ Հայաստանում: Այս ծրագիրը նպատակ ունի աջակցել Հայաստանի ընտրական համակարգը միջազգային չափանիշներին և պարտավորություններին համապատասխանեցնելու Հայաստանի ջանքերին և քաղաքացիներին ու քաղաքացիական հասարակությանը տեղեկատվություն տրամադրել տարածաշրջանի փորձագետների կողմից ղեկավարվող դիտորդական առաքելության միջոցով։

Ընտրությունները դիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանցի (ENEMO) դիտորդական առաքելությունը  նախընտրական և հետընտրական գործընթացների ընդհանուր գնահատում կիրականացնի` ընտրությունների դիտարկման միջազգային չափանիշներին համապատասխան:

Ծրագիրը կաջակցի նաև քաղաքացիական հասարակության կազմակերպություններին՝ քաղաքական իրավունքների, քաղաքացիական մասնակցության, ժողովրդավարական բարեփոխումների և երկխոսության զարգացմանն ուղղված գործողություններ իրականացնելիս: Ծրագիրը կարևոր բաղադրիչներ կունենա գենդերային հավասարության, փոքրամասնությունների ներկայացուցիչների և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, ինչպես նաև հավատքի, խոսքի ու խղճի ազատության պաշտպանության ոլորտներում։