Եվրոպական բանակ. գաղափարը միավորո՞ւմ է ԵՄ-ն, թե՞ հակառակը

 © AFP 2018 / PATRICK HERTZOG

Անցյալ շաբաթը հարուստ էր Եվրոպայի անվտանգության և պաշտպանության, եվրոպական բանակի մասին տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններով:

Շաբաթվա սկզբին ԵՄ խորհուրդը պաշտպանական 17 նոր նախագիծ հաստատեց Անվտանգության և պաշտպանության համատեղ քաղաքականության բնագավառում մշտական կառուցվածքավորված համագործակցության (PESCO) շրջանակներում իրականացնելու համար: Բացի այդ, ԵՄ անդամ երկրների պաշտպանության նախարարները նաև հավանություն են տվել հետախուզական ընդհանուր դպրոցի ստեղծմանը, որը կզբաղվի ԵՄ անդամ պետությունների հատուկ ծառայությունների աշխատակիցների պատրաստմամբ:

Նոյեմբերի 20-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարեց, որ Եվրոպական Միությունը ռազմական դաշինքի չի վերածվի և ՆԱՏՕ-ի հետ ոչ մի մրցակցություն չի լինի:

Միևնույն օրը Բրյուսելում ԵՄ անդամ երկրների պաշտպանության նախարարների նիստի ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը հայտարարել էր, որ ԵՄ-ի պաշտպանությանն ուղղված ջանքերը չպետք է դառնան մրցակցություն ՆԱՏՕ-ի հետ և ՆԱՏՕ-ի գործառույթների կրկնություն, քանի որ ՆԱՏՕ-ն մնում է ԵՄ անվտանգության ֆունդամենտը՝ միաժամանակ ողջունելով Եվրամիության պաշտպանական նախաձեռնությունը:

«…մենք հուսով ենք, որ քանի որ ԵՄ-ն հայտարարում է սեփական ինքնավարության որոշակի աստիճան և պաշտպանական հնարավորություններ ունենալու ցանկության մասին, ապա դա կարվի ՆԱՏՕ-ի հետ լիարժեք համաձայնությամբ և որպես ՆԱՏՕ-ին լրացում, այլ ոչ՝ փոխարինում»,- այս կապակցությամբ հայտարարել է ԵՄ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Գորդոն Սոնդլենդը Եվրախորհրդարանի՝ նոյեմբերի 22-ին արտաքին հարցերի հանձանաժողովի լսումների ընթացքում: Մինչ այդ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նշել էր, որ նոր կառույցը (եվրոպական բանակը) դառնալու է ոչ թե հակակշիռ ՆԱՏՕ-ին, այլ ավելի շուտ՝ լրացում:

Ինչպես երևում է, հաճախակիացել են եվրոպական բանակ ստեղծելու մասին հայտարարություններն ու դրանց քննադատությունները, որոնք նոր չեն, պարզապես ժամանակ առ ժամանակ ակտիվանում և «նոր շունչ» են ստանում: Այժմ այս նախաձեռնությունն առաջ են մղում ԵՄ առաջատար Ֆրանսիան և Գերմանիան, ինչպես նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը: Գաղափարին մշտապես դեմ է հանդես եկել ԵՄ մշտական «անջատողական» և ՆԱՏՕ-ի առաջատարներից համարվող, ԱՄՆ-ի հետ առանձնահատուկ հարաբերություններ ունեցող Միացյալ Թագավորությունը: Դեմ են արտահայտվում նաև Նիդեռլանդները, Շվեդիան, Դանիան, պրոամերիկյան կողմնորոշում ունեցող Լեհաստանն ու Մերձբալթյան երկրները:

Ի սկզբանե սպասելի էր, որ եվրոպական բանակ ստեղծելու գաղափարը ոչ միանաշանակ է ընդունվելու ԵՄ անդամ պետությունների կողմից: Նույնիսկ նման կարևորություն ունեցող հարցերում ԵՄ-ն երբեք էլ միասնական կարծիք չի ունեցել (առավել ևս այժմ, երբ շատ ավելի արտահայտված ու վտանգված է ԵՄ միասնականությունը), սակայն գաղափարն ինքնին հարցեր ու խնդիրներ առաջացնող է, որոնցից առաջինների շարքում պետք է նշել եվրոպական բանակի ու ՆԱՏՕ-ի նպատակների կրկնությունն ու գործառույթերի հետ բախումը (ինչի մասին նշել են արդեն ԱՄՆ ու ՆԱՏՕ պաշտոնյաները): Վերջին տեղում չէ նաև այս նախաձեռնության կյանքի կոչման ֆինանսական կոմպոնենտը: ԵՄ անդամ երկրների միջև առկա տարաձայնությունների պարագայում դժվար է պատկերացնել նաև այդ բանակի գործելու մեխանիզմը: Որոշումները կայացվելու են կոնսենսուսո՞վ: Եթե այո, ապա շատ տեղին է հիշել ԵՄ որոշումների կայացման չափազանց դանդաղկոտությունը: Եթե ոչ, ապա՝ ո՞վ կամ ովքե՞ր են լինելու 27 երկրների անունից ռազմական ուժ կիրառելու մասին որոշում ընդունողները: Հարցերը բազմաթիվ ու բազմաբնույթ են, և մեծ հարց է՝ Եվրամիության համար բավականին դժվարին այս փուլում համաեվրոպական բանակ ստեղծելու գաղափարն ավելի կամրապնդի Միությունը, թե՞ հակառակը:

Armedia.am