ԵՄ-ն կավելացնի Հայաստանին տրվող ֆինանսական օժանդակությունը

Եվրոպական Միության կողմից Հայաստանին տրվող ֆինանսական օժանդակությունը, հնարավոր է, մեծացվի, այսօր ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասաց Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հաանը, հայտնում է «Այսօր»-ը:

«Այսօր 300 մլն եվրոյի ծրագրեր իրագործվում են, ևս 100 մլն եվրոյի ծրագրեր «ճանապարհին են»: Վարկավորման և դրամաշնորհների հաշվին ավելի քան 800 մլն եվրոյի ներդրումներ են արվել էներգետիկայի ոլորտում», – ասել է Յոհաննես Հաանը:

Հարցին՝ արդյոք Հայաստանում 2018թ. տեղի ունեցած իրադարձություններն ազդել են ֆինանսական օժանդակությունն ավելացնելու որոշման վրա, Եվրոպական հանձնաժողովի հանձնակատարն արձագանքել է. «Մենք հատուկ բյուջետային տող ունենք, որն այսպես ասած, նվիրված է հատուկ ձեռքբերումներին՝ իրավունքների գերիշխանության ու ժողովրդավարության բնագավառում: Անշուշտ, դա լրացուցիչ ֆինանսական օժանդակության աղբյուր կլինի Հայաստանի համար: Մենք արդեն իսկ անցյալ տարի մի փոքր դա արեցինք, բայց ավելին կանենք 2019թ.-ին: Ես հանդգնում եմ արդեն հիմա հայտարարել, որ լրացուցիչ օժանդակություն կլինի՝ որպես խրախուսանք՝ անցյալ տարվա զարգացման համար», – ասել է Յոհաննես Հաանը: