Մեր ծրագրերը միտված են լինելու քաղհասարակության և նրա դերի ամրապնդմանը. «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ

 «Արմեդիա» ՏՎԳ զրուցել է «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Նաիրա Կարապետյանի հետ։

Տիկի´ն Կարապետյան, վերջերս Ձեր ֆեյսբուքյան էջում նշել էիք, որ դարձել եք «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ։ Ի՞նչ առաջնահերթություններ եք տեսնում:

-Իրականում, տևական ժամանակ է, ինչ մասնակցում եմ «Եվրոպական ինտեգրացիայի» կողմից տարվող աշխատանքներին։ Ես ունեմ եվրոպական կառույցների հետ աշխատանքի մեծ փորձ խորհրդարանական շրջանակներում` մասնավորապես ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում: Իսկ կազմակերպության հիմնական գերակայություններն են եվրաինտեգրումը, հակամարտությունների տրանսֆորմացիան և խաղաղաշինությունը, եվրոպական փորձի ուսումնասիրմամբ և կիրառմամբ քաղաքացիական հասարակության ներգրավման հնարավորությունները փոքր և միջին բիզնեսի զարգացման հարցերում, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների կառուցումն ու զարգացումը և այլն:

Ներկայումս կարծես թե տարըմբռնում կա եվրոպական ուղղության վերաբերյալ՝ կախված մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներից: Հետևաբար` առավել քան կարևոր է մեր հասարակությանը հասանելի դարձնել եվրոպական իրական արժեքները՝  միևնույն ժամանակ հաշվի առնելով մեր ազգային հոգեկերտվածքը։

Բացի այդ, եվրոպական կառույցների աշխատանքը չի սահմանափակվում միայն ՀՀ իշխանությունների հետ շփումով: Մեծ է նաև հասարակական կազմակերպությունների դերը քաղաքական օրակարգի ձևավորման հարցում: Այս համատեքստում նշեմ ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացում քաղհասարակության հետ երկխոսության կարևորությունը, քանի որ քաղհասարակությունը հանդիսանում է այդ գործընթացի անմիջական մասնակիցը, և այդ ուղղությամբ դեռ շատ անելիքներ կան:

-Ներկայումս ի՞նչ ծրագրեր ունեք:

- Նախ նշեմ, որ ծրագրերը միտված են լինելու քաղհասարակության և նրա դերի ամրապնդմանն ու զարգացմանը:  Մենք շարունակելու ենք երկրում ներկա գործընթացներին մեր ակտիվ մասնակցությունը: Այսօր ունենք մի իրավիճակ, երբ հասարակական դաշտը, կարծես թե քաղաքականացվում է: Բազմաթիվ հասարակական գործիչներ ձգտում են մուտք գործել քաղաքական դաշտ, և այսօր հասարակական դաշտում առկա են բացեր: Մեկ անգամ ևս ուզում եմ ընդգծել քաղաքացիական հասարակության իմպերատիվ կարևորությունն անկողմնակալ, մասնագիտական և կշռադատված աշխատանքի արդյունքում երկրում առկա իրական օրակարգի ներկայացման և իրականացման հարցում։

-Գերակայություններում նշեցիք հակամարտությունների տրանսֆորմացիայի մասին: Ի՞նչ է դա ենթադրում:

- Տարիներ շարունակ «Եվրոպական ինտեգրացիան» իրականացրել է ծրագրեր` ուղղված Արցախյան հակամարտության հարցում խաղաղության հաստատմանը նպաստելուն, երեք հանրությունների միջև շփումներին, այդ թվում` դիտարկելով հակամարտությունների կարգավորման եվրոպական փորձը: Սպասվող ծրագրերի մասին թույլ տվեք հիմա չմանրամասնել: Բնականաբար, մեր աշխատանքը տեսանելի և բաց է լինելու, պատրաստ ենք համագործակցության:

Թե´ ես,  թե´ մեր կազմակերպության վարչության անդամները միշտ հասանելի ենք։