Տեղին չէ զուգահեռներ անցկացնել Հայաստանի և անցումային արդարադատություն կիրառած երկրների միջև. իրավաբան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018-ի օգոստոսի 17-ին՝ պաշտոնավարման 100 օրն ամփոփող հանրահավաքի ժամանակ հայտարարել էր անցումային արդարադատության մարմիններ ձևավորելու անհրաժեշտության մասին, որը բուռն քննարկումների առիթ է դարձել, որոնք առավել ակտիվացան վերջին օրերին, երբ  Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ «եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը»: «Հիմա արդեն անցումային արդարադատության մեխանիզմների ներդրումը կենսական անհրաժեշտություն է Հայաստանի Հանրապետության համար», – մայիսի 20-ի իր ուղերձում, մասնավորապես, ասել էր Նիկոլ Փաշինյանը:

Այսպիսի արդարադատություն կիրառելու նախաձեռնությունը և նույնիսկ հենց «անցումային արդարադատություն» եզրույթը Հայաստանի հասարակության և իրավական համակարգին առնչող անձանց կողմից տարբեր կերպ է մեկնաբանվում:

«Ի ԷլԷլ» իրավաբանական գրասենյակի ներպետական գծով տնօրեն Նորայր Բալայանը «Արմեդիա» ՏՎԳ-ի hետ զրույցում, անդրադառնալով անցումային արդարադատության միջազգային փորձին, նշեց, որ Անցումային արդարադատությունը որպես այդպիսին իրականացվել էր Խորհրդային Միությունում, որն այդքան էլ անցումային արդարադատություն չէր: Հանձնաժողովներ ստեղծվեցին, և այն բռնադատավածներին, ովքեր խորհրդային ռեժիմին ընդդիմացել էին Ստալինի կառավարման տարիներին, Խրուշչովի ժամանակ, ներում շնորհվեց: Ըստ Բալայանի, սա իրավունքի պատմության մեջ կոչվեց անցումային արդարադատություն: Նա նաև հավելեց. «Այժմ քննարկում է այն երկրների փորձը, թե որտեղ է կիրառվել անցումային արդարադատությունը: Կարծում եմ` տեղին չի զուգահեռներ անցկացնել Հայաստանի Հանրապետության և ասենք Կոսովոյի, Ալբանիայի միջև, որտեղ մարդու իրավունքների տեսանկյունից Freedom House-ի, Human Rights Watch-ի գնահատմամբ խնդիրներ են եղել: Ես չեմ կարողանում մտաբերել երկրներ, որտեղ անցումային արդարադատությունը արդյունավետ կիրառում է ունեցել»:

Բալայանի խոսքերով, անցումային արդարադատության շնորհիվ, Ալբանիայի Գերագույն դատարանում նույնիսկ քվորումի հետ կապված խնդիր կար, քանի որ չէին կարողանում գտնել մարդկանց և նշանակել դատավորներ:

Մեր այն հարցին, թե որքանո՞վ է այս պահին կենսական անհրաժեշտություն ՀՀ-ում անցումային արադարադատության անցնելը, Բալայանն ասաց. «Ես ուղղակի չգիտեմ, թե մեր գործող իշխանությունն անցումային արդարադատության առաջ ինչ նպատակ է դնելու և ինչ առաքելություն է այն իրագործելու: Ես այնքան էլ վստահ չեմ, որ մեր գործող օրենքների շրջանակներում մեր գործող դատարանները չեն կարող այդ առաքելությունն իրագործել»:

Վերջում Բալայանն ընդգծեց, որ եթե քննարկումները գնում են գողացվածը հետ վերադարձնելու և մարտի 1-ի իրադարձությունների կազմակերպիչների և զոհերի հաշտեցման մասին, ապա դրանք հնարավոր է իրականացնել նաև գործող օրենսդրության շրջանակներում: