Ադրբեջանը Վրաստանի գրադարաններին հայերի նկատմամբ ատելության խոսք պարունակող գրքեր է մատակարարում

Ադրբեջանը Վրաստանի գրադարաններին հայերի նկատմամբ ատելության խոսք պարունակող գրքեր է մատակարարում: Թեև գրադարանները դրանում ոչ մի խնդիր չեն տեսնում, սակայն Վրաստանի որոշ ադրբեջանցիներ վախենում են, որ այն կարող է օժանդակել էթնիկ լարվածության սերմանմանը: Այս մասին գրում է OC Media կովկասյան լրատվական կենտրոնը։

Վրաստանի Մառնելուլի քաղաքի գրադարանում տարածքային հավակնություններով և հայերի նկատմամբ ատելությամբ լի գիրքն անգամ զարմացրել է Մառնեուլիում ապրող ադրբեջանցուն։

«Երբ այցելեցի Մառնեուլի գրադարան, ես տեսա Ազիզ Ալաքբարլիի կողմից գրված «Արևմտյան Ադրբեջանի հուշարձաններ» գիրքը: Կարծեցի, այն պետք է լինի Ադրբեջանի արևմուտքում գտնվող պատմական հուշարձանների մասին: Սակայն, երբ կարդացի գիրքը, պարզ դարձավ, որ գիրքը Հայաստանի տարածքում գտնվող հուշարձանների մասին է: Գիրքը պարունակում էր հայերի նկատմամբ թշնամանքի տարրեր»,- ասել է Վրաստանի ադրբեջանցի Իմրան Ջաֆարովը։

Գրադարանում առկա են նաև քարոզչական այլ նյութեր, որոնք կարելի է բաժանել երեք խմբի. ատելության խոսք՝ ուղղված Հայաստանին և հայերին, աջակցություն Իրանի դեմ անջատողական և տարածքային պահանջներին և Իլհամ Ալիևի ընտանիքի քարոզչությունը: