ՀԱՅԱՍՏԱՆ–ԵՄ. ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐ ՓՈՒԼ

Հայաստանը պատրաստ է կառուցողական երկխոսություն հաստատել հարեւան երկրների հետ “Արեւելյան գործընկերության” շրջանակներում առանց նախապայմանների: Այդ մասին հյատարարել է ՀՀ ԱԳ փոխնախարար Կարինե Ղազինյանը Երեւանում մեկնարկած “Եվրամիության դերը Հարավային Կովկասում. համագործակցությունից դեպի գործընկերություն բարեփոխումների միջոցով՝ մարտահրավերներ ու հնարավորություններ” խորագրով սեմինարի ժամանակ:
Ինչպես նշել է ՀՀ ԱԳ փոխնախարարը, Հայաստանը կարեւորում է “Արեւելյան գործընկերության” նախաձեռնությունը, հատկապես տարածաշրջանային համագործակցության հաստատման, երկխոսության ու վստահության մթնոլորտի տեսակետից: Սակայն, Կարինե Ղազինյանը ափսոսանքով է նշել, որ կան երկրներ, որոնք չեն ելնում տարածաշրջանային համագործակցության սկզբունքից եւ չեն նպաստում ԵՄ ջանքերին:
Կարինե Ղազինյանն ասել է, որ “Արեւելյան գործընկերության” մեկնարկով Հայաստանի ու ԵՄ-ի հարաբերությունները բարձրանում են որակապես նոր մակարդակի վրա՝ զգալի առաջընթաց գրանցելով երկկողմ հարաբերություններում:

13.05.2011