Քաղաքական ճգնաժամ Իտալիայում. Սերջիո Մատարելան ընդունել է վարչապետ Ջուզեպպե Կոնտեի հրաժարականը

Լուսանկարը` AFP

Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելան ընդունել է վարչապետ Ջուզեպպե Կոնտեի հրաժարականը՝  հանձնարարելով նրան շարունակել կատարել պարտականությունները մինչև նոր կաբինետի ձևավորումը: Խորհրդարանական կուսակցությունների խորհրդակցությունները նոր կոալիցիայի կամ արտահերթ ընտրությունների վերաբերյալ կսկսվեն այսօրվանից։ Այս մասին գրում է euronews-ը։

Կոնտեն հրաժարական տալու որոշման մասին հայտարարել է Սենատի նիստում՝ մեղադրելով «Լիգա» կուսակցության առաջնորդին, փոխվարչապետ և ներքին գործերի նախարար Մատեո Սալվինիին ՝ քաղաքական ճգնաժամ ստեղծելու մեջ:

«Թեև պարզ է, թե ով է կոնկրետ պատասխանատու կառավարական ճգնաժամի համար, բայց եթե նրանք չունեն քաջություն, քաղաքական համարձակություն, վերցնելու այն իրենց վրա, ապա ես դա կանեմ»,-ասել է Կոնտեն։

Ջուզեպպե Կոնտեի կոալիցիոն կաբինետը կազմավորվել էր 2018 թվականի հունիսի 1-ին ՝ միավորելով նախարարներին «Հինգ աստղ» շարժումից և «Լիգայից»: