Ի՞նչ նպատակ էր հետապնդում Իրանի արտգործնախարարի այցը «Մեծ յոթնյակի» գագաթաժողով

The Tower

Իրանի արտգործնախարարի ժամանումը ֆրանսիական Բիարից քաղաք, որտեղ ընթանում էր «Մեծ յոթնյակի» գագաթաժողովը, անակնկալ դաձավ շատերի համար: 

Զարիֆը, որի նկատմամբ Վաշինգտոնը պատժամիջոցներ կիրառելու որոշում էր կայացրել, գագաթաժողովին հրավիրվել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից, ընդ որում՝ այդ մասին միայն հայտնի դարձավ նախարարի երկիր ժամանելուց հետո միայն:  

Հատկանշական է, որ վերջինս ընդամենը մեկ օր առաջ էր եղել Փարիզում և արդեն իսկ բանակցություններ էր անցկացրել Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնի և ԱԳ նախարար Ժան Իվ Լէ Դրիանի հետ:

Զարիֆի խոսքով` Ֆրանսիա կատարած իր բլից-այցելության նպատակը նախորդ հարցերի հստակեցումն է եղել: «Անցած ուրբաթ մենք Փարիզում քննարկեցինք որոշ հարցեր՝ ինչպես արտաքին գործերի նախարարի, այնպես էլ Ֆրանսիայի նախագահի հետ, բայց քննարկումների ևս մեկ փուլի անհրաժեշտություն կար՝ բանկային և նավթի խնդիրների վերաբերյալ»,- ասել է Զարիֆը:

Մակրոնի խոսքով` Իրանի արտգործնախարարին գագաթաժողովին հրավիրելու գաղափարը ծագել է G7- ի ղեկավարների համատեղ ընթրիքից հետո: «Մենք տարբեր միջոցներ ենք փորձել հասկանալու` արդյոք կարող ենք տարբեր երկրների հետ համաձայնության գալ: Այս ամառ մենք հանդես եկանք նոր մեթոդի նախաձեռնությամբ: Ես իրանական կողմից արձագանք ստացա ուրբաթ առավոտյան Իրանի արտգործնախարարի Փարիզ կատարած այցից հետո: Շաբաթ երեկոյան «Մեծ յոթնյակի» ընթրիքն էր, և պարզ դարձավ, որ մենք կարող ենք միասին առաջ շարժվել այս հարցում: Եվ այդ ժամանակ ես որոշեցի հրավիրել նախարար Զարիֆին», – ասել է Մակրոնը` միևնույն ժամանակ նշելով, որ մինչև այդ քայլին դիմելը, տեղեկացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:

Չնայած նրան, որ եվրոպական և ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ այցը անակնկալ է եղել նաև Թրամփի համար, ԱՄՆ ղեկավարի խոսքով, ինքը հարգանքով է վերաբերվել Մակրոնի նախաձեռնությանը: «Ես գիտեի, տվեցի իմ հավանությունը, բայց անձամբ չցանկացա հանդիպել Զարիֆին, դեռ վաղ է», – ասել է Թրամփը:

Կարելի է ասել, որ Ֆրանսիայի նախագահի` Իրանի արտգործնախարարին գագաթաժողովին հրավիրելու նպատակներից մեկը եղել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ստեղծված լարվածությունը որոշ չափով թուլացնելը:  

Իհարկե, ստեղծված լարվածության ֆոնին Ֆրանսիայի նախագահի այսպիսի նախաձեռնությունը բավականին ողջունելի քայլ կարող է դիտարկվել, սակայն մոտ ապագայում դրական փոփոխություններ ակնկալելն իրատեսական չէ:

Այդ մասին է թերևս վկայում Իրանի արտգործնախարարի պատասխանը Մակրոնի այս նախաձեռնությանը. «Քանի դեռ ԱՄՆ-ը չի վերամիացել «5+1»-ին և չի իրագործել Միջուկային գործարքը, Իրանի նախագահի և Թրամփի միջև որևէ հանդիպում անհնար է պատկերացնել»,- ասել է Զարիֆը:

Armedia.am