Ներկայացուցիչների պալատի բանաձևն ուղերձ է ինչպես Թուրքիային, այնպես էլ Հայաստանին

Լուսանկարը` vestikavkaza.ru

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը մեծ ոգևորություն առաջացրեց ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում` թեև բանաձևը չունի պարտադիր իրավական ուժ և Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող թվով երրորդ բանաձևն էր:

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն արդեն բավականին տևական ժամանակ է միայն պատմական արդարությունը վերականգնելու խնդիր չէ միջազգային հանրության համար: Այն առաջին հերթին բավականին արդյունավետ միջոց է Թուրքիայի վրա ճնշում գործադրելու տեսանկյունից, ինչը պարբերաբար կիրառվում է այս կամ այն պետության կողմից: 

Ներկայացուցիչների պալատի կողմից հերթական անգամ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը ևս տեղավորվում է այդ տրամաբանության մեջ: Վերջին տարիներին թուրք-ամերիկյան հարաբերությունները բավականին լարված են՝ պայմանավորված ինչպես երկկողմ օրակարգի խնդիրներով, այնպես էլ Թուրքիայի վարած տարածաշրջանային քաղաքականությամբ: Սիրիայի քրդերի դեմ Թուրքիայի ռազմական գործողությունը և այն դադարեցնելու մասին պայմանավորվածությունը ոչ թե Միացյալ Նահանգների, այլ Ռուսաստանի հետ, Վաշինգտոնին բավականին զայրացրել է: Նշենք, որ նույն օրը Ներկայացուցիչների պալատում ընդունվել է նաև Թուրքիայի դեմ պատժամիջոցների մասին օրենքի նախագիծ:

Իհարկե, հաճելի չէ, երբ շահարկվում է քո ողբերգությունը սեփական աշխարհաքաղաքական խնդիրները կարգավորելու համար, ինչը մեր կողմից չի կարող ողջունելի լինել, սակայն ստեղծված իրավիճակը որոշակի հնարավորություններ է բացում նաև Հայաստանի համար: ՀՀ պետական մարմինները և սփյուռքի կառույցները չպետք է սահմանափակվեն միայն ոգևորված արձագանքներով: Անհրաժեշտ է գործողությունների հստակ ծրագիր ունենալ ստեղծված իրավիճակում սեփական ազգային շահերն առաջ տանելու համար:

Տվյալ դեպքում ակնհայտ է, որ Հայոց ցեղասպանությունն ընդունող բանաձևը միայն Թուրքիայի վրա ճնշում գործադրելու ուղերձ չի պարունակում, քանի որ դրա համար բավարար կլիներ միայն պատժամիջոցների մասին օրինագծի ընդունումը: Այն ուղերձ է նաև Հայաստանին և հայությանը՝ հնարավորություններ ստեղծելով հայ-ամերիկյան հարաբերությունների համատեքստում: Այդ ուղերձից ճիշտ օգտվելու համար, սակայն անհրաժեշտ է չմոռանալ տարածաշրջանում ուժային դասավորվածությունները և շահերի բախումները: 

Armedia.am