ԱՄՆ Կոնգրեսի կողմից «դժոխային պատժամիջոցների փաթեթ» ընդդեմ Ռուսաստանի. ինչո՞վ է այն վտանգավոր

AP

Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը  հաստատել է «Կրեմլի ագրեսիայից Ամերիկայի անվտանգության պաշտպանության մասին» DASKA օրինագիծը, որը նախատեսում է կոշտ պատժամիջոցներ Ռուսաստանի նկատմամբ:

Օրինագծի հեղինակներից մեկը` Հարավային Կարոլինայից ընտրված hանրապետական սենատոր Լինդսի Գրեմը, ներկայացված առաջարկը բնութագրել է որպես «դժոխային պատժամիջոցների փաթեթ»: Համաձայն ընթացակարգի, հանձնաժողովի մակարդակով հաստատվելուց հետո օրինագիծը քվեարկության է դրվելու Սենատում:  Սենատի կողմից հավանությանն արժանանալու դեպքում այն ուղարկվելու է Ներկայացուցիչների պալատ, այնուհետև ներկայացվելու է Միացյալ Նահանգների նախագահի ստորագրությանը:

DASKA օրինագիծը, որն առաջին խմբագրմամբ հրապարակվել էր 2018 թվականի ամռանը, բավականին մեծ իրարանցում էր առաջացրել Ռուսաստանում: Նախագիծը մշակել են երկու հանրապետական և երեք դեմոկրատ սենատորներ, այդ թվում՝ Լինդսի Գրեհեմը և Ռոբերտ Մենենդեսը: Ներկայումս վերլուծության համար Կոնգրեսի կայքում հասանելի է միայն DASKA օրինագծի չխմբագրված տարբերակը: Ռուսական լրատվամիջոցների փախանցմամբ` նախագծի համահեղինակներն, ըստ էության, կատարել են դրա մեջ մի քանի հիմնական փոփոխություններ, և հանձնաժողովը քվեարկել է այս փոփոխություններով տարբերակը:

Սակայն թե ինչ փոփոխությունների մասին է խոսքը, դեռևս պարզ չէ: Նշենք, որ Կոնգրեսի կայքում հրապարակված օրինագծի նախնական, չխմբագրված տարբերակը նախատեսում է.

1. պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի սուվերեն պարտքի նկատմամբ,

2. պատժամիջոցներ այն պաշտոնյաների, օլիգարխների ու նրանց ընտանիքների նկատմամբ, ովքեր նպաստել են «ապօրինի կամ կոռումպացված գործողությունների՝ ի շահ Վլադիմիր Պուտինի»,

3. պատժամիջոցներ ռուսաստանյան բանկերի նկատմամբ, որոնք աջակցում են «Ռուսաստանի կառավարության միջամտությանը ժողովրդավարական ընթացակարգերին կամ ընտրություններին այլ պետություններում»,

4. պատժամիջոցներ Ռուսաստանի հեղուկ բնական գազի (LNG) նախագծերի նկատմամբ,

5. սահմանափակումներ Ռուսաստանի արտասահմանյան էներգետիկ ներդրումային ծրագրերում,

6. պատժամիջոցներ Ռուսաստանի նավթային ընկերությունների նկատմամբ՝ հատկապես նրանց արտասահմանյան գործունեությունը խոչընդոտելու համար,

7. պատժամիջոցներ Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի «ագրեսիայի» համար:

Օրինագծի նախնական տարբերակով նաև նշվում է, որ ԱՄՆ վարչակազմը պետք է պարտավորվի Ռուսաստանի վերաբերյալ մի շարք զեկույցներ կազմել: Մասնավորապես, օրինագիծը պարտավորեցնում է ԱՄՆ կառավարությանը պատրաստել «Կրեմլի զեկույցի» երկրորդ հրատարակությունը (գործարարների և պետական ձեռնարկությունների վերաբերյալ), ինչպես նաև զեկույցներ այն անձանց մասին, ովքեր 2017-ի օգոստոսից հետո մասնակցել են այնպիսի գործողությունների, որոնք խարխլում են այլ երկրների կիբերանվտանգությունը՝ Ռուսաստանի շահերից ելնելով և այլն: Բացի այդ, օրինագիծը ենթադրում է, որ ուժի մեջ մտնելուց վեց ամիս անց ԱՄՆ հետախուզությունը պետք է Կոնգրեսին զեկույց ներկայացնի «Վլադիմիր Պուտինի անձնական վիճակի և ակտիվների մասին»: Փաստաթուղթը պարունակում է նաև պարբերություն Բորիս Նեմցովի սպանության վերաբերյալ զեկույց պատրաստելու անհրաժեշտության վերաբերյալ:

Ամենակոշտը և ամենացավոտը Ռուսաստանի տնտեսության համար այս օրինագծում, փորձագետների կարծիքով, պատժամիջոցներն են ռուսական պետական պարտատոմսերի նկատմամբ, քանի որ արգելվում է ցանկացած գործարք երկարաժամկետ պարտատոմսերի հետ:

Ինչպես հայտնում է ՌԲԿ-ն, փաստաթուղթն արդեն ուղարկվել է սենատի հաստատմանը: Սակայն The Daily Beast կայքի փոխանցմամբ` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախքան հակառուսական պատժամիջոցների օրինագծի` Սենատի հանձնաժողովում քվեարկության դրվելը,  քննադատական նամակ է ուղարկել Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Ջեյմս Ռիշին` իրենց դժգոհությունը հայտնելով նախագծի վերաբերյալ: Նամակից պարզ է դառնում, որ իր ներկայիս տեսքով, նույնիսկ հաշվի առնելով օրինագծի վերջին, բայց չհրապարակված փոփոխությունները, Թրամփի վարչակազմի համար այն կատեգորիկ անընդունելի է:  Չնայած որոշ փոփոխությունների, վարչակազմն օրինագիծը համարում է «անտեղի», ինչպես նաև խնդրահարույց ՝ ԱՄՆ Սահմանադրության համար:

Ինչ վերաբերվում է Ռուսաստանին, ապա նշենք, որ ապրիլին ՌԴ Ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը Արժույթի միջազգային հիմնադրամի գարնանային նստաշրջանի շրջանակներումմիջազգային ներդրողների հետ հանդիպմանը նշեց, որ ի պատասախան ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների Ռուսաստանը «պլան B» է մշակում:  «Մենք ունենք «պլան B»:  Եթե պատժամիջոցներ կիրառվեն բանկերի նկատմամբ (նման պատժամիջոցների մասին որոշումների հարցը լիովին հասկանալի է `ստեղծել անկայունություն, ապակայունացնել Ռուսաստանը), և՛ կառավարությունը, և՛ Ռուսաստանի բանկերն ունեն գործիքներ և բոլոր հնարավորությունները՝ աջակցելու բոլոր հաճախորդներին, կազմակերպելու վճարումներ, կանխիկ, անկանխիկ, ինչպես դոլարով, այնպես էլ ազգային արժույթով: Այս հարցում մեզ կմիանա ինչպես Կենտրոնական բանկը, այնպես էլ կառավարությունը: Այդ իսկ պատճառով կպատասխանենք», – ասել է նա:

Իսկ նախօրեին Մոսկվայում կայացած ամենամյա մեծ մամուլի ասուլիսի ժամանակ, մեկնաբանելով այն հաղորդումները, թե ԱՄՆ-ի Կոնգրեսը դեկտեմբերի 18-ին հավանություն է տվել հակառուսական պատժամիջոցների խոշոր փաթեթին, Պուտինը պատասխանել է, որ Ռուսաստանը հայելաբար կվարվի իր դեմ ԱՄՆ-ի կողմից նոր պատժամիջոցների սահմանման դեպքում:  «Անկասկած, դա կազդի մեր միջպետական հարաբերությունների վրա: Մենք գիտենք նրանց մոտեցումը. դա այն է, որ ԱՄՆ-ը մեզ հետ կաշխատի այնտեղ, որտեղ նրա համար հետաքրքիր է և շահավետ, և միևնույն ժամանակ Ռուսաստանի համար արգելք կստեղծի նման կարգի որոշումներով: Բայց մենք նույնպես, գիտենալով դա, կվարվենք հայելային կերպով, ահա և ամենը»,- ասել է ՌԴ նախագահը:

Armedia.am