Մահացել է Թուրքիայի առաջին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կարպիս Զաքարյանը

Թուրքիայում մահացել է հայ հայտնի բռնցքամարտիկ, «երկաթյա բռունցք» մականունը կրող Կարպիս Զաքարյանը։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, Կարպիս Զաքարյանը 24 տարեկանում դարձել է Թուրքիայի առաջին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը։  Իր կարիերայի ընթացքում Կարպիս Զաքարյանը պրոֆեսիոնալ ռինգ է դուրս եկել 51անգամ և սիրողական՝ 200։

Կարպիս Զաքարյանն ունի մեծ թվով մրցանակներ։ Նա 1964–ին դարձել է Մերձավոր Արևելքի բռնցքամարտի չեմպիոն։

Կարպիս Զաքարյանի հոգեհանգիստը տեղի է ունենալու հունվարի 29–ին, Ստամբուլի Բեյօղլուի Երեք Խորան եկեղեցում, որից հետո թաղվելու է Շիշլիի հայկական գերեզմանատանը։