ԵՎՐՈՊԱՅԻ ԿԱՆԱՉ ՍՐՏՈՒՄ

2011թ. մայիսի 4-8 Լյուքսեմբուրգում կայացավ Եվրոպայի երիտասարդ կանաչների ֆեդերացիայի (FYEG) գագաթաժողովը: Մոտ յոթանասուն երիտասարդ “կանաչներ” ամբողջ Եվրոպայից մասնակցեցին միջոցառմանը: Գագաթաժողովը հյուրընկալեց ֆեդերացիայի անդամ կազմակերպությունը Լյուքսեմբուրգում` Dej Jonk Greng:

Գագաթաժողովի ընթացքում անցկացվեցին ֆեդերացիայի գործադիր կոմիտեի նոր կազմի ընտրությունները: Մեկ տարի ժամկետով ընտրվեցին Գործադիր կոմիտեի նոր անդամները` կազմակերպության գլխավոր քարտուղար Ստեւան Պետրովիչը (Սերբիա), կազմակերպության խոսնակներ Թերի Ռեյնթկեն (Գերմանիա) եւ Նիկ Շաֆերսը (Լյուքսեմբուրգ), Մարիա Դոկուպիլովան (Սլովակիա), Յակոբ Շվարցը (Ավստրիա), Գայա Սարգսյան (Հայաստան), Մերյա Կահկոնեն (Ֆինլանդիա) եւ Նիկոլա Մլադենովիչը (Սերբիա):

“Եվրոպական ինտեգրացիա” հասարակական կազմակերպության պատասխանատու քարտուղար Գայա Սարգսյանը նույնպես ընտրվեց ֆեդերացիայի գործադիր կոմիտեի կազմի մեջ` որպես Հայաստանի ներկայացուցիչ: Սա առաջին անգամն է, որ Կովկասի ներկայացուցիչը ընդգրկված է ֆեդերացիայի գործադիր կոմիտեի կազմի մեջ:

Եվրոպայի երիտասարդ կանաչների ֆեդերացիան (FYEG) հիմնադրվել է 1988թ. Բելգիայում` Եվրոպայի երիտասարդ բնապահպանական կազմակերպությունները եւ “կանաչ” քաղաքական խմբերը միավորելու նպատակով: Կազմակերպության գրասենյակը գտնվում է Բրյուսելում` ԵՄ-ի քաղաքական կենտրոնում: Ֆեդերացիայի կազմում են 38 անդամ կազմակերպություններ ամբողջ Եվրոպայից, որոնք ներկայացնում են “կանաչների” կուսակցության երիտասարդական թեւեր կամ երիտասարդական հասարակական բնապահպանական կազմակերպություններ:

Ֆեդերացիայի հիմնական նպատակն է պայքարել բնապահպանական եւ սոցիալական արդարության համար Եվրոպական մակարդակի վրա: Գործունեությունը չի սահմանափակվում միայն լոբբինգով Եվրախորհրդարանի ներսում: Ֆեդերացիան նաեւ անցկացնում է միջոցառումներ, ակցիաներ եւ քարոզարշավներ անդամ կազմակերպությունների հետ:

Ինչպես “Արմեդիա” ՏՎԳ-ին փոխանցեց Եվրոպայի երիտասարդ կանաչների ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամ, “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ պատասխանատու քարտուղար Գայա Սարգսյանը, այս տարի ֆեդերացիայում կաշխատեն 8 խմբեր` ժողովրդավարության, գենդերային հարցերի, կլիմայի, կանաչ տնտեսության, միգրացիայի, ռեգիոնալիզմի, հեղինակային իրավունքի եւ խաղաղաշինության: Գայա Սարգսյանը` որպես խաղաղաշինության խմբի կոորդինատոր, մտադիր է տարբեր ծրագրեր իրականացնել` ուղղված խաղաղաշինությանը, որոնց կանդամակցեն նաեւ մասնակիցներ հակամարտող երկրներից:

20.05.2011