ՀԱՅ ԹԵԹԵՎԱՏԼԵՏՆԵՐԸ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Հունիսի 18-ից 19-ը Ռեյկյավիկում կընթանա թեթև ատլետիկայի Եվրոպայի թիմային 3-րդ առաջնության 3-րդ լիգայի մրցաշարը, որին մասնակցող 15 երկրի հավաքականները կպայքարեն 2-րդ լիգայի 2 ուղեգրերի համար:

Ինչպես ArmFootball.com-ի թղթակցին հայտնեց մարզաձևի ՀՀ ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նարինե Շահբազյանը, այս ստուգատեսին Հայաստանը կներկայացնեն 20 մարզիկներ (11 տղամարդ, 9 կին): Ընտրանու գլխավոր մարզիչ Միշա Հայրապետյանը ընդգրկել է վերջերս անցկացված ՀՀ առաջնությունում աչքի ընկած թեթևատլետներին` ՀՀ չեմպիոններին ու ռեկորդակիրներին, այդ թվում նիզականետորդ Մելիք Ջանոյանին, հեռացատկորդներ Վարդան Փահլևանյանին ու Հայկանուշ Բեգլարյանին, վազորդներ` Արման Անդրեասյանին, Ամալյա Շառոյանին, Արամ Դավթյանին, Աշոտ Հայրապետյանին:

Իսլանդիա մեկնող ՀՀ պատվիրակությունը կգլխավորի հեռացատկի Եվրոպայի ռեկորդակիր, մարզաձևի ՀՀ ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը:

Հունիսի 2-ից 17-ը ՀՀ հավաքականը Միշա Հայրապետյանի և Տիգրան Եղիկյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք կանցկացնի Ծաղկաձորում:

Նշենք, որ անցյալ տարի Մալթայում կայացած Եվրոպայի թիմային 2-րդ առաջնության 3-րդ լիգայի մրցաշարում ՀՀ հավաքականը վաստակած 324 միավորով 15 թիմերի մեջ գրավեց 8-րդ տեղը: Մեր ընտրանու 20 անդամներից 5-ը դարձան մրցանակակիրներ` 2-րդ տեղերը գրավեցին հեռացատկորդ Արսեն Սարգսյանը (7մ 64սմ) և նիզականետորդ Մելիք Ջանոյանը (71մ 29 սմ), իսկ հեռացատկորդ Հայկանուշ Բեգլարյանը (12մ 30սմ) ու վազորդներ Արամ Դավթյանն (400մ) ու Աշոտ Հայրապետյանը (1500մ)` զբաղեցրին 3-րդ հորիզոնականները:

23.05.2011
www.sportinfo.am