ԻՍԼԱՆԴԻԱՅՈՒՄ ԿՐԿԻՆ ՀՐԱԲՈՒԽ Է ԺԱՅԹՔԵԼ

Իսլանդիայում նախօրեին ժայթքած Գրիմսվոթն հրաբխի մոխրի ամպը մի քանի ժամից հնարավոր է հասնի Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոն ու ծածկի Եվրոպայի խոշորագույն «Հիդրոու» օդանավակայանը: Գրիմսվոթն հրաբուխը 20 կմ-ոց մոխրի շիթ էր սկսել արտանետել կիրակի առավոտյան: Այս մասին հաղորդագրություն է տարածել Բրիտանիայի Քաղաքացիական ավիացիայի վարչությունը:

«Մոխրի տեղաշարժի հետագիծն անկախատեսելի է, և հնարավոր է փոխենք մեր կանխատեսումները յուրաքանչյուր ժամ», – ասված է վարչության հաղորդագրությունում:

Նշենք, ներկայումս Մեծ Բրիտանիայի օդայանի տարածքի զգալի մասը բաց է, սակայն ամբողջապես դադարեցված է ավիահաղորդակցությունը Շոտլանդիայի ու Անգլիայի հյուսիսային հատվածների հետ: Ավիաչվերթների հետաձգման մասին արդեն հայտարարել են տասնյակ ավիաընկերություններ, այդ թվում «British Airways»-ը, «KLM»-ը, «BMI»-ը:
«Ֆրանս Պրես» գործակալությունն, իր հերթին  հղում անելով Eurocontrol կազմակերպության ներկայացուցչին, հաղորդում է, որ միայն այսօր Եվրոպայի տարածքում հետաձգվել է 250 չվերթ:

Հիշեցնենք, 2010 թվականի ապրիլին իսլանդական մեկ այլ հրաբխի` Էյաֆյատլակոյուդլի ժայթքման պատճառով մոտ մեկ շաբաթ շարունակ կաթվածահար էր եղել ողջ Եվրոպայի ավիահաղորդակցությունը:

25.05.2011