ԵԱՀԿ ՄԽ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՀԱՏՈՒՄ ԵՆ ՇՓՄԱՆ ԳԻԾԸ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) եւ Իգոր Պոպովը (Ռուսաստան) իրենց տարածաշրջանային այցելության արդյունքում հունիսի 9-ին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հունիսի 6-9-ին եղել են Բաքվում, Լեռնային Ղարաբաղում եւ Երեւանում: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ միասին համանախագահները հանդիպումներ են ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Լեռնային Ղարաբաղի իշխանության ներկայացուցիչների հետ:

Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Դմիտրի Մեդվեդեւի, Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի Կազանում նախատեսվող հանդիպման նախապատրաստման շրջանակներում, համանախագահները կողմերի հետ քննարկել են ԼՂ խնդրի կարգավորման Հիմնարար սկզբունքների ավարտմանն ու հավանություն տալուն ուղղված քայլերը, որոնք հիմք կդառնան համապարփակ խաղաղ կարգավորման համար, որին հասնելու կոչ են արել նախագահներ Մեդվեդեւը, Օբաման ու Սարկոզին` Դովիլում մայիսի 26-ի իրենց համատեղ հայտարարությունում:

Համանախագահները հունիսի 7-ին հատել են շփման գիծն Աղդամի շրջանում: Դա համանախագահների կողմից թվով երրորդ նման հատումն էր վերջին 10 ամսում, ինչը ցույց է տալիս, որ կողմերը կարող են համագործակցել, որպեսզի պահպանվի 1994-ին կնքված հրադադարի ռեժիմը:

Այդ կապակցությամբ, համանախագահները կոչ են արել կողմերին խուսափել ցանկացած սադրիչ հայտարարություններից եւ գործողություններից, որոնք կարող են ձախողել բանակցային գործընթացը այս կարեւոր ժամանակահատվածում»,- նշված է միջնորդների հայտարարության մեջ:

10.06.2011