ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԱՃՈՒՄ Է ԱՂԻՔԱՅԻՆ ՀԱՄԱՃԱՐԱԿԻ ԶՈՀԵՐԻ ԹԻՎԸ

Աղիքային վարակի համաճարակի պատճառով Եվրոպայում արդեն մահացել է 18 մարդ: Վարակի պատճառով մահվան վերջին դեպքն այս գիշեր գրանցվել է Գերմանիայում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հինգշաբթի օրը հայտնել է, որ ծագումնաբանական փորձաքննության արդյունքների համաձայն, համաճարակի պատճառը աղիքային վարակի նոր տեսակն է, որն առաջացել է մահաբեր գեներ ունեցող աղիքային վարակի մանրէների երկու տեսակի մուտացիայի արդյունքում:

Կազմակերպության սննդի անվտանգության փորձագետ Հիլդե Քրուզեյի համաձայն, տեսակի «բազմակողմանի բնութագրերը» դարձնում են այն ավելի վտանգավոր և թույլ տալիս արտադրել ավելի մեծ ծավալով թունավոր նյութեր:

Մանրէի արագ տարածման հետևանքով եվրոպական ինը երկրում արդեն վարակվել է ավելի քան 1500 մարդ: Հիվանդության հարյուրավոր դեպքեր և մանրէի տարածման պատճառով մահացու գրեթե բոլոր դեպքերը գրանցվել են Գերմանիայում: Առողջապահության բնագավառում գործող մարմիններին դեռևս չի հաջողվել հայտնաբերել համաճարակի պատճառը կամ ծագման վայրը:

Եվրոպայում արտադրված մրգի և բանջարեղենի անվտանգության մասին մտահոգությունները, հետզհետե տարածվելով, ստիպել են Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանություններին արգելել Իսպանիայից, Գերմանիայից, Դանիայից և Նիդերլանդներից վարունգի ներմուծումը:

Ռուսաստանի իշխանությունները արգելել են ԵՄ-ում արտադրված բոլոր թարմ բանջարեղենների ներմուծումը: Որոշումն ընդունելուց հետո ԵՄ-ն անմիջապես անվանել է այն «անհամաչափ» և հայտնել, որ Մոսկվայից պահանջելու է բացատրություններ:

10.06.2011