ՆՈՐ ԵՐԿԻՐ` ԵՎՐՈԼԵՆԴ

ԵՄ եվրագոտին Եվրոլենդ-ով վերանվանելու առաջարկ է արել ԵՄ նախագահ Հերման Վան Ռոմպեյը: Միաժամանակ նա կոչ է արել ԵՄ քաղաքացիներին ձերբազատվել ԵՄ ներկայիս վիճակի շուրջ ձևավորված հոռետեսական տրամադրությունից: «Հուսալքությունն ու հոռետեսությունը ոչնչացնում են գործելու հաստատակամությունը», – նշել է նա:

Վան Ռոմպեյը ելույթ է ունեցել Բրյուսելում` համաեվրոպական մի ազդեցիկ վերլուծական ինստիտուտի նիստի ժամանակ: ««Եվրագոտի» բառը համաշխարհային բիզնեսի աչքերում դարձել է հոմանիշ ֆինանսական հաշմանդամին. այն պետք է վերանվանել Եվրոլենդ»,- հայտարարել է Վան Ռոմպեյը: «Եվրագոտի բառը հնչում է ինչպես արդյունաբերական գոտի, ինչպես երկրորդական կարևորության մի բան: Ես առաջարկում եմ մեկ այլ անվանում` Եվրոլենդ»,-ընդգծել է ԵՄ նախագահը:

«Մենք պետք է առավել հստակ լինենք նրանում, թե ինչ է իրենից ներկայացնում ԵՄ ներկայիս արժութատնտեսական միությունը: Այն, ըստ իս, Եվրոլենդ է, քանի որ միևնույն արժույթի առկայությունը վկայում է մեկ երկրի գոյության մասին, առվազն ֆինանսական տեսանկյունից»,- հավելել է Վան Ռոմպեյը”

ԵՄ նախագահի նման փորձերը նոր անվանում հորինելու այն արժութային գոտու համար, որը միավորում է 17 ԵՄ անդամ-երկիր, օրիգինալ չեն: Սրանից ընդամենը մի քանի տարի առաջ` ԵՄ ընդհանուր Սահմանադրության պատրաստությա ժամանակ Եվրոպական Հանձնաժողովի ներկայիս նախագահ Ժոզե Մանուել Բառոզոն խոստովանել էր, որ հաճախ է մտածում այն մասին, իրականում ԵՄ-ն իրենից ներկայացնում է մի «կայսրություն»:

«Սա նոր տեսակի կայսրություն է, բարի և հիմնված մարդկային վեհ արժեքների վրա», – խոստովանել է Բառոզոն եվրոպական ԶԼՄ-ներին տրվող հարցազրույցի ժամանակ: ՄԻաժամանակ Եվրոպական Հանձնաժողովի ղեկավարը զուգահեռականներ էր տարել ժամանակակից ԵՄ-ի և Կառլ Մեծ-ի օրոք, դեռ IX դարում հիմնված, ֆրանկերի կայսրության միջև: Մինչդեռ Բառոզոյի անկեղծ խոստովանությունը մեծ աղմուկ առաջացրեց առաջին հերթին Մեծ Բրիտանիայում, որը երբևէ կառոլինյան կայսրության մաս չի հանդիսացել և ունեցել է սեփական կայսրությունը` սակայն ոչ եվրոպական մայրցամաքում: Արդյուքնում Բառոզոն ստիպված եղավ հասարակայնորեն հրաժարվել իր «կայսերական երազներից»:

20.06.2011