ՈՍԿԻ ՎԱՃԱՌՈՂ ԱՎՏՈՄԱՏ ՍԱՐՔ ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ

Մեծ Բրիտանիայում առաջին անգամ գործածվել է ավտոմատ սարք, որը վաճառում է Ex Oriente Lux ընկերության ոսկին: Ոսկի վաճառող ավտոմատ սարքը կոչվում է “Gold To Go” (“Ոսկին քեզ հետ”), գրում է The Daily Telegraph-ը:

Լոնդոնյան Ուեսթֆիլդ առեւտրի կենտրոնում տեղադրված սարքի միջոցով կարելի է ձեռք բերել ոսկյա տարբեր քաշի եւ չափի ձուլակտորներ եւ մանրադրամներ: Վաճառվող ոսկյա իրերի մեջ կան 2.5 գրամանոց ձուլակտորներ, որոնց վրա փորագրված են Լոնդոնի պատկերներ, ինչպես նաեւ այնպիսիք, որոնք ունեն 1 գրամ քաշ եւ կարող են հանդիսանալ ցանկացած առիթի լավ նվեր:

Gold To Go“-ով վաճառվող 1 գրամանոց ձուլակտորն արժե 41 ֆունտ սթերլինգ (65.6 դոլար): Համաշխարհային շուկայում ոսկու մեկ ունցիան արժե 1493 դոլար (1 ունցիան մոտ 31 գրամ է): Ավելացնենք, որ ավտոմատներում ոսկու գները 10 րոպեն մեկ թարմացվում են:

Մեծ Բրիտանիան դարձել է վեցերորդ երկիրը, որտեղ ավտոմատ սարքերով վաճառվում է ոսկի: Նմանատիպ առաջին սարքը տեղադրվել է Ֆրանկֆուրտում 2009թ.-ին: Ոսկու վաճառքի ավտոմատ սարքեր կան նաեւ Իտալիայում, Իսպանիայում, ԱՄՆ-ում եւ Արաբական միացյալ էմիրատներում:

04.07.2011