8-ՐԴ “ՈՍԿԵ ԾԻՐԱՆ”-Ը ԲԱՑՎԱԾ Է

“Ոսկե ծիրան” միջազգային 8-րդ կինոփառատոնի այս տարվա գլխավոր անակնկալը աշխարհահռչակ Ֆանի Արդանի այցն է: 60-ից ավել ֆիլմերում նկարահանված դերասանուհին “Մոսկվա” կինոթատրոնում հուլիսի 10-ին ժամը 13:00-ին հանդիպում ունեցավ հայ հանդիսատեսի հետ: Իսկ այսօր` հուլիսի 11-ի երեկոյան, “Մոսկվա” կինոթատրոնում կցուցադրվեն Ֆանի Արդանի արդեն որպես ռեժիսոր նկարահանած երկու ֆիլմերը` “Մոխիր և արյուն” և կարճամետրաժ “Բացակա երազներ”:

Երևանյան պրեմիերաների շարքում այս տարի “Ոսկե ծիրան”-ը կներկայացնի Կաննի կինոփառատոնի մրցանակակիրների ֆիլմերը: Մրցութային 4 անվանակարգերում ներառված ֆիլմերը կդատեն միջազգային 6 ժյուրիները:

Այս տարին “Ոսկե ծիրան”-ի համար նախանշվեց մի նոր համագործակցությամբ. առաջին անգամ փառատոնին իր աջակցությունն է բերում ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության հիմնադրամը: “ԱՊՀ երկրների կինոն. անկախության 20 տարի” ծրագրում մասնակցում են ֆիլմեր ԱՊՀ-ի գրեթե բոլոր երկրներից՝ Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղստան, Մոլդովա, Ռուսաստան, Տաջիկստան, Ուզբեկստան, Ուկրաինա: Ծրագրի շրջանակներում կկազմակերպվեն կլոր սեղաններ, որոնք կմիավորեն Հայաստանի և ԱՊՀ երկրների կինեմատոգրաֆիստներին, կքննարկվեն ժամանակակից կինոյի խնդիրները:

“Ոսկե ծիրան” 8-րդ երևանյան միջազգային կինոփառատոնը անցկացվում է հուլիսի 10-17-ը:

11.07.2011