ՄԵԿՆԱՐԿԵՑ Orange ԳՐՔԻ ՄՐՑԱՆԱԿԸ

Հաջորդ տարի Հայաստանը կտոնի առաջին տպագիր հայալեզու գրքի 500-ամյակը, իսկ Հայաստանը կդառնա գրքի համաշխարհային մայրաքաղաքը: Ընդառաջ գնալով այս կարևոր իրադարձություններին` Orange-ը հիմնում է «Orange գրքի մրցանակ», որի նպատակն է բացահայտել ժամանակակից հայ գրողներին, օրեցօր զարգացող էլեկտրոնային մեդիայի միջոցով տարածել նրանց ստեղծագործությունները ընթերցողների լայն զանգվածներին, ինչպես նաև խթանել հետաքրքրությունը ընթերցանության նկատմամբ:

Նշենք, որ Orange գրքի մրցանակը կազմակերպվում և իրականացվում է «Հայ գրքի կենտրոն» հասարակական կազմակերպության հետ:
2011 թ. մրցույթի մեկնարկին նվիրված այսօրվա ասուլիսում Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան նշեց, որ սա մասնագիտական գրական մրցանակ չէ և չի հավակնում դառնալ այդպիսին: «Orange գրքի մրցանակն ընթերցողի և գրքի սիրահարների մրցանակ է»,- ասաց Բ.Դյութուան`հավելելով, որ նմանատիպ մրցանակ Orange-ն ունի նաև այլ երկրներում:

«Չնայած գրողները օգտագործում են մի շարք միջոցներ իրենց գրքերը ընթերցողներին հասցնելու համար,սակայն Հայաստանում դեռևս խնդիր կա և ոչ միշտ է, որ Հայաստանում հրատարակված լավ գրքերը հասնում են ընթերցողներին: Եւ մեր նպատակն է, որ լավագույն գրքերը ներկայացնենք հայ ընթերցողի դատին: Սա կարևոր իրադարձություն է և մենք ցանկանում ենք այս ոլորտում աշխուժություն մտցնել»,- նշեց Բ.Դյութուան:

Ըստ նրա, ընթերցողներն առցանց քվերակության իրենք են ընտրելու հաղթողներին: Այն թույլ կտա գտնել և խրախուսել շնորհալի ու օրիգինալ գրողներին, սակայն հանրային ընթերցանությունների, քննարկումներ և հեղինակների հետ հանդիպումների միջոցով կներգրավեն ընթերցողների ամենալայն շրջանակներին, որոնց կարծիքը նույնպես վճռորոշ կլինի:

Հարցին, թե որքանով է Բ.Դյութուան ծանոթ հայ գրականությանը, նա անկեղծորեն պատասխանեց. «Ցավոք այնքան էլ լավ ծանոթ չեմ, քանի հայ գրողների ստեղծագործությունները ֆրանսերենով շատ քիչ են թարգմանվել: Բայց ես շատ եմ կարդում, հատկապես ֆրանսիական և ռուսական գրականություն»,- ընդգծեց Բ.Դյութուան:

«Հայ գրքի կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Մկրտիչ Մաթևոսյանի խոսքերով, մրցույթին կարող են մասնակցել նրանք, ովքեր ստեղծագործում են հայերենով, ինչպես նաև կարող են ներկայացնել նախկինում չհրատարակված գրական երկ: Մրցույթին կարելի է ներկայացնել գործեր 4 ժանրերում` պատմվածք և էսսե, վեպ, հեքիաթ, դրամատիկական գործ և սցենար:

Ժյուրիի անդամները մինչև հոկտեմբերի 7-ը կընտրեն առավելագույնը չորս ստեղծագործություն յուրաքանչյուր ժանրում: Ժյուրիի կողմից ընտրված ստեղծագործությունները կհայտարարվեն «Դարձ առ գրիք» գրքարվեստի փառատոնի ժամանակ, որից հետո դրանք կներկայացվեն ընթերցողների լայն շրջանակների դատին մրցույթի համապատասխան կայքում:

Մ.Մաթևոսյանը նշեց, որ յուրաքանչյուր ժանրում հաղթող ճանաչված ստեղծագործությունը կհրատարակվի առանձին գրքով, 500 տպաքնակով: «Գրողի համար ամենալավ մրցանակն այն է, որի իր գիրքը հրատակված տեսնի»,- նկատեց նա` հավելելով, որ մրցույթի հաղթողները կհայտարարվեն նոյեմբերի 11-ին կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ: