ԵՄ-ն Հայաստանին 19.1 մլն եվրո կհատկացնի

Եվրահանձնաժողովը հուլիսի 13-ին հաստատել է Հայաստանի համար տարեկան գործողությունների ծրագրի (Annual Action Plan) առաջին մասը, որն ուղղված կլինի այն հիմնական ինստիտուտների տեխնիկական և վարչական ներուժի զարգացմանը, որոնք պատասխանատու են Հայաստան – ԵՄ հետագա համագործակցության այնպիսի ոլորտների համար, ինչպիսիք են առևտրի, անցագրերի դյուրացման, սոցիալ-տնտեսական բարեփոխումների ոլորտները:


Այս մասին հայտնում են Հայաստանում ԵՄ ներկայացուցչությունից:
Ընդլայնման և Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է, որ “արաբական գարունը” ավելացրել է Եվրոպական հարևանության ծրագրի մեջ ընդգրկված երկրներում կառավարման ոլորտի բարեփոխումներ կատարելու ակնկալիքները:


“Այն ազդեցությունները, որոնք գործել են այդ փոփոխությունները Արևելյան հարևանության, այդ թվում և Հայաստանի վրա, չպետք է անտեսվեն: Այսօր ընդունված ծրագիրը հաստատում է այն փաստը, որ ԵՄ հավատարիմ է իր գործընկեր երկրների հասարակությունների զարգացման քաղաքականությանը, ինչպես նաև բարեփոխումների իրականացմանը, որոնք շատ կարևոր են մարդկանց բարեկեցության համար”,- ընդգծել է Շտեֆան Ֆյուլեն:

15.07.2011