ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱԳՆ. ԵՎՐՈՊԱՅԻ ԱՊԱԳԱՆ ԿԱԽՎԱԾ Է ԵՎՐՈՅԻՑ

Եվրամիության ապագան ամբողջությամբ կախված է եվրոյից: Այդ մասին երեկ հայտնել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ալեն Ժյուպեն` պաշտոնական այցով գտնվելով Կանբերուում:

Նրա խոսքերով, Եվրամիությունը` որպես տնտեսական և քաղաքական միավոր, ռիսկի կենթարկվի, եթե միասնական արժույթը տուժի պարտքային ճգնաժամից, այդ իսկ պատճառով եվրագոտու առաջատար երկրները` Ֆրանսիան և Գերմանիան, պարտավորվում են անել ամեն ինչ` դա թույլ չտալու համար:“Եվրոյի կորուստը կնշանակի Եվրամիության ամբողջականության կորուստ”,- կարծում է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը:

Վերջին ժամանակներս Եվրագոտու անդամ-երկրների մոտ անհանգստություն է զգացվում` կապված ավելի թույլ երկրներին տրամադրված օժանդակությունների հետ (Հունաստան): Ժյուպեի խոսքերով, այդ երկիրը պետք է 2011թ. հուլիսի 21-ին վերցրած պարտավորություններն իրականացնի` ֆինանսական օժանդակության երկրորդ փաթեթի նկատմամբ հասանելիություն ստանալու համար:

Որոշ փորձագետներ նույնիսկ գտնում են, որ Հունաստանը պետք է դուրս գա ԵՄ-ի բլոկից: Սակայն, Ժյուպեի կարծիքով, բլոկի ամբողջականությունը համարվում է անդամների առաջնահերթությունը և այն ոչ մի դեպքում չի կարելի խախտել, ինչում ֆրանսիական կողմի հետ համաձայն են եվրագոտու բոլոր 17 երկրները:

12.09.2011