
Իմ անունն է Օզոն
Բարև: Իմ անունն Օզոն է: Շերտ Օզոնային: Այսօր իմ պաշտպանության միջազգային օրն է:
Կցանկանայի ներկայանալ նրանց, ովքեր ինձ չեն ճանաչում, և հիշեցնել իմ մասին նրանց, ովքեր մոռացել են իմ գոյության մասին:
Ես բնական գազ եմ, ինձ կարող եք գտնել մթնոլորտի երկու շերտերում` տրոպոսֆերայում և ստրատոսֆերայում: Ես կլանում եմ Երկրի մակերեսին ընկնող վնասակար ուլտրամանուշակագույն ճառագայթների 97-99%-ը` պաշտպանելով Երկիր մոլորակը արևի վնասակար ազդեցությունից` ի դեպ, այդ կերպ ձեզ նույնպես պաշտպանելով…
Մարդկային էակների հետ ես շատ նման գծեր ունեմ, հատկապես մարդկային այն տեսակի հետ, ում կյանքի առաքելությունը մերձավորին վտանգից իր իսկ վահանով պաշտպանելն է:
Վատ նորություն ունեմ սակայն: Ես քայքայվում եմ… Ես քայքայվում եմ մարդու կողմից ստեղծված քիմիկական նյութերով` քլորոֆլորոկարբոններով (CFCs):
Իսկ ինչպե՞ս սկսվեց այս ամենը:
Ես պաշտպանում էի իմ կապուտաչյա Երկիր մոլորակը դարեր շարունակ: 1920 թ. ստեղծվեցին քիմիկական նյութերը (CFCs), որոնք սկսեցին օգտագործվել սառնարանների, օդափոխիչների, կրակմարիչների, հեղուկացիրների, քիմիական տարբեր լուծվող նյութերի մեջ: Այնուհետ գիտնականները հայտնաբերեցին, որ դրանք, ինչպես նաև մեքենաների և արդյունաբերական արտանետումները կարող են տրոպոսֆերայից ներթափանցել դեպի վերին մթնոլորտային շերտ` ստրատոսֆերա: Այնտեղ բոլոր այս նյութերը կարող են տարիներ շարունակ արտադրել ինձ ոչնչացնող քլորինի և բրոմի մոլեկուլներ:
Նկատու՞մ եք նմանությունները: Ամենայն հավանականությամբ ձեր բոլորի կյանքում նույնպես որոշ բացասական հանգամանքներ կամ մարդիկ տարիներ շարունակ քայքայել են ձեզ, մինչև դուք չեք տվել հակահարված: Ես էլ ունեմ մարդկությանը պատասխան տալու իմ ձևերը` կլիմայական փոփոխություն, գլոբալ տաքացում, երաշտ: Տեսնու՞մ եք, մարդկանց նման ես էլ կարող եմ լինել և’ չար և’ բարի….
Այնուամենայնիվ, մի լավ լուր էլ ունեմ: Ինչպես մարդկային հոգին և մարմինն ունի ծանր վնասվածքներից ինքնավերականգնվելու հատկություն, այնպես էլ ես ի վիճակի եմ ինքնաբուժվել, վերականգնվել մարդու պատճառած վնասներից: Չնայած, որ դա կարող է հարյուրավոր, եթե ոչ հազարավոր տարիներ պահանջել: Ինչպես ձեր բոլորի կյանքում, այնպես էլ բնության մեջ, կազդուրման արագությունը վնասվածքի չափից է կախված: Կենսաբանական տեսակները կարող են վերակագնվել մի քանի տասնամյակների ընթացքում, ես` մեկ հարյուրամյակի, հին անտառները` մի քանի հարյուրամյակների, իսկ ռադիոակտիվ թափոնների սառեցումը` տասնյակ հազար տարիներ է պահանջում:
Կարևորն, այնուամենայնիվ, այն է, որ ես չեմ կարող կազդուրվել մինչդեռ դուք ինձ նոր վնասվածքներ
եք պատճառում: Ինձ «մի փոքր» հանգիստ տվեք, որպեսզի կարողանամ բուժվել:
Ես շնորհակալ եմ, որ երկրի վրա նաև ինձ պաշտպանողներ կան: Օրինակ` Մոնրեալի Արձանագրությունը (միջազգային պայմանագրերի մի շարք` օզոնը քայքայող նյութերի արտադրման և օգտագործման կասեցման մասին), որն ուժի մեջ մտավ 1989 թ.: Այս պահին 160 երկիր ստորագրել է արձանգրությունը: Իսկ 1979 թ. շատ երկրներ արգելեցին CFCs պարունակող նյութերի արտադրությունը: Սա մեծ քայլ էր խնդիրը լուծելու ճանապարհին:
Այո, մենք նման ենք իրար, և մեկմեկու անհրաժեշտ ենք:
Ինչպես մարդը պաշտպանված է արտաքին ազդեցություններից պաշտպանող աուրայով, այնպես էլ ես պաշտպանում եմ երկիր մոլորակը` կոսմիկական ճառագայթումներից: Եվ ինչպես անառողջ մտածելակերպն ու բացասական էներգիան քայքայում են մարդկային աուրան, այնպես էլ վնասակար նյութերը կարող են ինձ`օզոնային շերտիս վնասել:
Ես կարող եմ պաշտպանել կյանքը երկրի վրա կամ վնասել այն, ձեր ապրելակերպն է որոշում իմ ազդեցությունը:
Այսօր իմ տոնն է: Եվ այսօր ես ուզում եմ բարի լինել:
«Օզոնային հաղորդագրությունը» փոխանցեց`
Գայա Սարգսյանը