ԷԼ ՉԵՄ ԼԻՆԻ ԵՍ ՔՍԱՆ ՏԱՐԵԿԱՆ …

Անկախ և ինքնիշխան պետականությունն, ընդհանրապես, ճակատագրի պարգև չի լինում: Միշտ էլ պայքարով, մաքառումով և արյան գնով են ձեռք բերվում երևի թե ամենաթանկ արժեքներն այս աշխարհում` անկախությունն ու ազատությունը: Երկար տասնամյակներ օտար լծի տակ և պետականություն չունեցող Հայաստանի համար էլ, իհարկե, անկախությունն իրականություն դարձավ դժվարին ու «փշոտ» ճանապարհով, բայց հայ ժողովրդի կամքի ուժով:

Հայաստանի երրորդ հանրապետությունն իր անկախ ու ինքնուրույն ուղին սկսեց 1988-ի կործանարար երկրաշարժի փլատակների վրա, ղարաբաղյան պատերազմի թոհուբոհով և տնտեսական շրջափակմամբ: Մեծագույն կորուստների գնով, բայց կարողացանք հաղթած դուրս գալ պատերազմից և գրանցել մեր առաջին մեծ հաղթանակը նորանկախ Հայաստան կերտելու ճանապարհին: Իհարկե արժեր թվարկել այս քսան տարիների բոլոր հաղթանակներն ու ձեռքբերումները, սակայն, հանուն մեր իսկ զարգացման հեռանկարի, բոլոր ձեռքբերումների կողքին ավելի արդարացի կլինի չշրջանցել և թվարկել նաև բազում բացթողումները, հիմնախնդիրներն ու կնճռոտ հարցերը: Ինչևէ, հաշվի առնելով տոնական տրամադրությունն ու մթնոլորտը, թվարկումը թողենք մեկ այլ անգամվա` չմոռանալով մեկ անգամ ևս նշել, որ ունենք բազմաթիվ փորձություններ անցած և դեռևս բազում խնդիրներ ունեցող, բայց ԱՆԿԱԽ Հայաստան:

«Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ ողջ անձնակազմի անունից շնորհավորում ենք աշխարհի բոլոր անկյուններում գտնվող հայերին` Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ և մաղթում խաղաղ, բարեկեցիկ, հզոր, ժողովրդավար, կայուն, անվտանգ ու երջանիկ ապագա:

Մեկ անգամ ևս շնորհավոր բոլորիս տոնը !!!

Հ.Գ. Շատ հետաքրքիր և հաճելի զուգադիպությամբ սեպտեմբերի 21-ը նաև խաղաղության միջազգային օրն է, որն այնքան արդիական խնդիր է այսօր և որի պակասն այնքան զգալի է աշխարհում: Շնորհավորում ենք բոլոր-բոլորին խաղաղության միջազգային օրվա առթիվ և մաղթում, որ խաղաղությունն այլևս դառնա անքննելի իրականություն, որ այն դառնա յուրաքանչյուրիս նպատակը, առաքելությունը, գերխնդիրն ու կյանքի ուղենիշն իրականում, այլ ոչ թե խոսքերով ու թղթերի վրա:

Հայկուհի Կաթրջյան