Ամառային դպրոցներ. Ինտեգրացիայի եվրոպական գործիքը

Միջազգային ամառային դպրոցները բավականին լայն տարածում ունեցող նախաձեռնություն է Եվրոպայում: Այն մեծամասամբ համալսարանների կողմից ֆինանսավորվող ճիշտ կազմված մի ծրագիր է, որը նպատակ ունի տարբեր երկրներից համախմբելու երիտասարդների` /սովորաբար ուսանողների և երիտասարդ հետազոտողների/ անկախ իրենց սոցիալ-տնտեսական կարգավիճակից, սեռային, էթնիկ պատկանելությունից և կրթական բազիսից: Առաջին հայացքից սա 7-10 օր տևող կանոնավոր նախաձեռնություն է, որը կիրառվում է տարբեր ուսումնական կենտրոնների և համալսարանների կողմից, սակայն ես հակված եմ մտածելու, որ դրա ազդեցությունը շատ անգամ գերազանցում է դրա պատրաստմանն ուղղված ջանքերը և/կամ միջոցները: Ես համոզված եմ, որ սա ուղղակի փայլուն մեխանիզմ է ինտեգրացիայի համար, այն «փափուկ գործիքը», որը օգտագործում է Եվրոպան սերմանելու «Եվրոպական մտածողությունը» հարևան երկրներում:

Սովորաբար, ամառային դպրոցը ենթադրում է բավականին ինտենսիվ դասընթաց, որն ուղեկցվում է ինտերակտիվ քննարկումներով և նորարարական գաղափարներով: Սակայն, այս ամենին գումարվում են նաև խմբակային հանձնարարությունները, համատեղ արվող առաջադրանքները կամ պրեզենտացիաները: Սա ստիպում է մասնակիցներին աշխատել միասին, ընդհանուր պատասխանատվություն կրել առաջադրանքների կատարման համար և հանդես գալ ստեղծագործ գաղափարներով և համատեղ հետաքրքիր լուծումներով:

Ամառային դպրոցները գրեթե միշտ ունենում են նաև ժամանցային միջոցառումների մասնակցություն (էքսկուրսիաներ, տեսարժան վայրերի այցելություններ), որն անխուսափելիորեն հանգեցնում է անձնական փորձի փոխանակման, տեսակետների նմանեցման և ընդհանուր ինտեգրման: Այն մասնակիցների միջև շատ յուրօրինակ ցանց է ստեղծում, որը տրանսֆրոմացիայի հետևանքով վերածվում է նաև երկրների միջև առաջացած աներևույթ կապի:

Ամառային դպրոցները ունեն հսկայական ճանաչողական ֆունկցիա: Դու երբևէ այդպիսի ամբողջական պատկերացում չես կազմի այս կամ այն երկրի մասին՝ այցելելով Եվրոպա` որպես զբոսաշրջիկ: Այստեղ, դու իրականում ծանոթանում ես այնտեղ ապրող մադկանց հետ, ավելի մոտ ես քեզ զգում Եվրոպային, համարում ես քեզ նրա մի մասը: Մի պահ «անհասանելի թվացող հին մայրցամաքին» գալիս է փոխարինելու իրական ինչ-որ տեղ նաև իրարամերժ Եվրոպան:

Ցանկացած հասարակությունում երիտասարդությունը համարվում է փոփոխության շարժիչ ուժը, և, գիտակցելով այս հանգամանքը, կազմակերպող ինստիտուտի թիրախ, որպես կանոն, հանդիսանում է հասարակության ամենապայծառ և խելացի հատվածը: Նրանց գաղափարները վերջնականապես ձևավորված չեն, որը ցանկացած փոփոխություն դարձնում է ավելի հարթ: Միևնույն ժամանակ երիտասարդները ամեն մի նոր մտքի, նոր ստեղծագործ մոտեցման հիմքն են: Հետևաբար սա բացառիկ միջոց է դարձնելու հասարակության այս խմբին այն արժեքների/գաղափարների ջատագովներ, որոնք Եվրոպան կցանկանար լսելի դարձնել մասնակից երկրներում:

Այս ամենին ես ականատես եղա՝ հաճախելով Բուդապեշտում կազմակերպված միջազգային ամառային դպրոցը: Հետսովետական և արևելյան Եվրոպայի երկրներից մասնակիցների ընտրությունը հետապնդում էր միայն մեկ նպատակ՝ ծանոթացնել երիտասարդ, խոստումնալից սերնդին Եվրոպական ստանդարտներին, պրակտիկային, աշխարհընկալմանը, թմբկահարվող արժեքներին: Իսկ որպես մասնակից` կասեմ, որ այն իրոք արդարացրեց իրեն

Որպես մասնակից կարող եմ նշել միայն, որ դժվար մտաբերեմ այլ ճամփորդություն, որ ես ավելի լավ ժամանակ անցկացրած լինեմ, չնայած երկու տարի է անցել, սակայն մինչ այժմ կազմակերպիչների և մասնակիցների հետ ակտիվ կապ եմ պաշտպանում, ձեռք բերված գիտելիքները կիրառել եմ բազմաթիվ առաջադրանքներում, իսկ ամենակարևորը` դրանից հետո դարձել եմ Եվրոպայի անհույս երկրպագու և ակտիվ ջատագով:

Անի Գևորգյան