ԵՌԱՉԱՓ ՏԱՆԳՈ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Բրիտանացի պարուսույց Բիլլի Քաուիի` նոր, եռաչափ գրաֆիկայով համակցված Tango de Soledad 10 րոպեանոց պարային բեմադրությունը Բրիտանական խորհրդի աջակցությամբ առաջին անգամ հայաստանյան բեմում է: Tango de Soledad-ը (Միայնության տանգոն) հինգ րոպեանոց մենապար է, որը բեմադրել է Բիլլի Քաուին և ներկայացնում է Էմի Հոլինգսոուրթը: HighFest միջազգային թատերական փառատոնի շրջանակում պարային բեմադրությունը կներկայացվի հոկտեմբերի 2-ից-8-ը Երևանի պետական տիկնիկային թատրոնի բեմում:

Tango de Soledad պարային բեմադրությունը եռաչափ պատկերների շարքի շնորհիվ հնարավորություն է ընձեռում դերասանի պրոյեկտված կերպարները էկրանից տեղափոխել հանդիսատեսի տարածք` այսպիսով հանդիսատեսին հնարավորություն ընձեռելով զգալ իրեն դերասանի հետ միևնույն հարթությունում: «Արտառոց, լիրիկական, պատկերավոր, գրավիչ… Բիլլի Քաուիի ռոմանտիկ ֆանտազիաները խոր տպավորություն են թողնում ինձ վրա»,- ասել է հանրահայտ բալետմայստեր Միխաիլ Բարիշնիկովը:

Իսկ հոկտեմբերի 7-ին և 8-ին Պետական համազգային թատրոնի բեմում HighFest փառատոնի շրջանակում Բրիտանական խորհուրդը ներկայացնում է բրիտանական Proto-type թատրոնի Third Person: Bonnie & Clyde (Երրորդ անձ` Բոնի և Քլայդ) մոլտիմեդիա բեմադրությունը: Այն պատմում է 20-րդ դարի սկզբին իրենց քրեական կյանքով և սիրո մեծ պատմությամբ հանրահայտ դարձած Բոնի Փարքերի և Քլայդ Բարոուի կյանքի մասին: Սիրո և մահվան սահմանները ջնջած այս պատմությունը հարուստ է սյուժետային գծերով և ժամանակակից մուլտիմեդիա հնարավորություններով ու հնարքներով:

Այս տարի Բրիտանական խորհուրդը թատերական բեմադրություններից բացի հանդես է գալիս նաև Արվեստի թվայնացմանն առնչվող առցանց քննարկումներով: Ոլորտի փորձագետներն առցանց քննարկումների միջոցով դիտարկում են Միացյալ Թագավորությունում կատարողական արվեստի զարգացման համար թվային միջոցների ընձեռած հնարավորությունները: Հայ մասնագետները ևս կարող են միանալ քննարկումներին և հետևել թեմայի զարգացումներին: (www.britishcouncil.am)

HighFest միջազգային թատերական փառատոնի հատուկ հյուրն է Բրիտանական խորհրդի Արևելյան Եվրոպայի արվեստի ծրագրերի ղեկավար Գրեգորի Նեշը: Նա հայ ուսանողների համար «Արվեստի մենեջմենթ» թեմայով հանդես կգա դասախոսություններով, կծանոթանա հայ թատերական արվեստի նորարարություններին և հայ մասնագետների հետ կքննարկի համագործակցության ուղիներ:

01.10.2011