Իմ մասնագիտությունը

Շատ հաճախ կարելի է լսել, թե ինչպես են երեխաներին և հատկապես պատանիներին հարցնում, թե ինչ կուզեին նրանք դառնալ, կամ ինչ մասնագիտություն կուզեին ունենալ: Երբեմն սա կարող է ձանձրալի թվալ կամ անիմաստ, սակայն, հավատացնում եմ, այս պարզ ու հասարակ հարցը կարող է օգնել նրանց, քանի որ ստիպում է մտածել ու անդրադառնալ այդ խնդրին:

Մասնագիտություն ընտրելը բավականին բարդ կարող է լինել, մանավանդ եթե պատանին լավ չի կողմնորոշվում, թե ինչ նախասիրություններ ունի, ուստի նրան անհրաժեշտ է որոշակի օգնություն: Այդ հարցում ծնողները կարող են մեծ դեր խաղալ: Ըստ որում, այդ օգնությունը կարող է լինել ինքնըստինքյան, այսինքն` երեխան, տեսնելով հոր կամ մոր աշխատանքը, աշխատավայրը, նրա կատարածը կամ ոճը, զգում է, որ դա իրեն դուր է գալիս, և ինքն էլ ցանկանում է կատարել այդ աշխատանքը: Կամ ծնողները կարող են երեխային պատմել տարբեր մասնագիտությունների մասին, բացատրել դրանց էությունը, ծանոթացնել այդ մասնագիտությունների տեր մարդկանց հետ: Այդ դեպքում պատանին կարող է «առաջին ձեռքից» տեղեկություններ ստանալ և հասկանալ` արդյոք դա իրեն դուր է գալիս:

Երբեմն տեսնում ենք, թե ինչպես է մասնագիտությունը փոխանցվում նույն ընտանիքի մի սերնդից մյուսին: Հետազոտությունները պարզել են, որ դա չափազանց դրական երևույթ է, հատկապես այնպիսի մասնագիտությունների դեպքում, ինչպիսիք են դիվանագիտությունը, բժշկությունը, ռազմական գործը և այլն: Չէ± որ երիտասարդ մասնագետը ողջ կյանքի ընթացքում տեսել է, թե ինչպես են աշխատում իր ծնողները, գիտի թե ինչ են նրանք անում (գոնե ունի որոշակի պատկերացում):

Ցավոք, մեր իրականության մեջ քիչ չեն դեպքերը, երբ պատանիներն ընտրում են այս կամ այն մասնագիտությունն` առանց որևէ պատկերացում ունենալու, թե ինչ է այն իրենից ներկայացնում, իսկ հետագայում, երբ արդեն անցնում են աշխատանքի, կամ նույնիսկ երբ դեռ սովորում են, հասկանում են, որ դա իրենց դուր չի գալիս, որ դա «իրենցը չի»: Կարծում եմ, շատերս ենք տեսել, թե ինչպես են աշխատում այն «մասնագետները», ովքեր իրենց աշխատանքը/մասնագիտությունը չեն սիրում: Բացի այդ, դա նաև թույլ չի տալիս, որ մարդն իրեն երջանիկ զգա:

Ուստի խիստ անհրաժեշտ է, որ մենք կարողանանք օգնել մեր երեխաներին մասնագիտություն ընտրելու հարցում, քանի որ այդպիսով (բացի մյուս բոլոր հարցերից) մենք կօգնենք նրանց նաև ավելի երջանիկ լինել:

Նունե Մելքոնյան