Է՞լ ինչին հետամուտ լինենք…

Երբ ընթանում ենք մի ճանապարհով, ինչով մեզ պես անցել են շատերը, ապա փորձի փոխանակումը թերևս լավագույն ուղեկիցներից մեկը կարող է դառնալ:

Ասում են, թե արտագրելը, կրկնօրինակելը` հատկապես ուրիշից, լավ բան չէ: Ավելին, ասում են նաև`քո պահվածքով ու գործով օրինակ ծառայիր մյուսների համար: Սովորիր քո գործած սխալներից` հաճախ ենք լսում և փորձում հետևել…

Այս ամենի հետ համաձայն եմ, եթե խոսքը վերաբերում է անհատականությունը ձևավորելուն և կրթելուն: Սակայն զուգահեռ մեր ինքնուրույն գործելաոճին, հատկապես որոշումներ կայացնելու գործընթացին, մենք նաև շատ բաներ սովորում ենք մեր շրջապատից: Վերջինս հաճախ ներառում է ուրիշների ծառայած օրինակին հետևելելը, բայց ինչպես ասում ենք` երբեք կրկնօրինակելը:

Իսկապես շատ գնահատելի է ինքնատիպ ու ինքնուրույն լինելու մեր այս ձգտումը, ինչն իր անմիջական անդրադարձն է ունեցել մեր բազմադարյա դեմքը պահպանելու հարցում: Սակայն, եթե համեմատում ենք, թե այդ «դեմքն ինչպես և ինչքան լավ ենք պահպանել», ապա այստեղ շատ հաճախ բախվում ենք տարբեր ու հակասական կարծիքների հետ:

Վերջերս տոնեցինք մեր երրորդ հանրապետության 20 ամյակը: Ինքս ֆիզիկապես Հայաստանում չլինելու պարագայում հոգով ու խանդավառությամբ այդտեղ եմ եղել: Online հետևելով խորհրդանշական զինվորական երթին` անսահման հպարտությամբ եմ լցվել, որ մենք ազատ ենք ու անկախ: Սակայն այս ամենով հանդերձ ունենք շատ ու շատ խնդիրներ, որոնց թվում է հենց այդքան շատ խնդիրներ չունենալու հարցը…

Մենք ոչ առաջինն ենք, ոչ էլ վերջինը որ պայքարել, անկախացել ու մեր ինքնուրույն ուղին ենք ընտրել: Մի շարք ժողովուրդներ անցել են այս ճանապարհով և մեզ պես հաջողություններ գրանցել, հաճախ` ավելիին հասել: Այդ թվում է նաև այնպիսի խնդիրներ հաղթահարելը, ինչպիսիք մենք հանդիպում ենք այսօր` մեր պետականաշինության, ավելի ճիշտ` կառուցված պետականությունն արդեն զարգացնելու պարագայում:

Ըստ իս` մեզ պակասում է մեր օրինակը ծառայելու և ուրիշինին հետևելու, այլ կերպ ասած` փորձի փոխանակման մեխանիզմին տիրապետելու և այն լավագույնս կյանքի կոչելու հմտությունը: Ես առաջինը չեմ, որ այս կարծիքն եմ հայտնում, սակայն ես ինքս շատ եմ կարևորում նման մեխանիզմ-հմտության առկայությունը հատկապես կառավարման և արդյունավետ կառավարման գործում:

Չէ՞ որ մենք կրկնակի պատասխանատվությամբ պետք է հետամուտ լինենք հնարավորինս արագ ոտքի կանգնելու գործին. մենք ունենք մեր կրտսեր եղբորը` Արցախին նույնպես պետականաշինության մեր փորձը հաղորդելու առաքելությունը…

Շարունակելի

Հեղինե Նազարյան