Երբ ազգը հաղթանակ է տոնում

Այս օրերին հայ ազգին մեկ միասնական «տենդ» է համակել, որը կոչվում է ֆուտբոլ ու հաղթանակ։ Անկախ տարիքից ու սեռից, բոլորն անվերջ քննարկում ու հիացմունքով են խոսում Մակեդոնիայի հետ խաղում Հայաստանի հավաքականի տարած հաղթանակի մասին, քննարկում կայանալիք հանդիպումը Իռլանդիայի հետ, գուշակում հնարավոր հաղթանակն ու արդեն իսկ տեսնում «Հայաստանին» Լոնդոնում։

Որքան քիչ բան է պետք ազգի ոգու վերածննդի, սեփական հզորության գիտակցման ու ազգովի համախմբվելու համար։ Հաղթանա՜կ։ Պետք էր ուղղակի սեփական աչքերով տեսնել փողոցներում ինքնամոռաց ցնծացող երիտասարդներին, նրանց աչքերի փայլն ու լսել խլացնող ճիչերը։ Ամենուր լսվում էր` «Հայաստա՜ն», և հպարտ էր ազգը, հպարտ ու միասնական, ուրախ ու խելահեղ։ Իսկ հաղթանակ տեսած մարդուն կանգնեցնելը բարդ է, հաղթանակի հոտը զգացած մարդուն էլ հետ չես պահի։ Միայն հաղթանակներ ենք ակնկալում մոտ ապագայում։

Հայ ազգ, երջանիկ ես դու. հպարտ ու հայրենասեր են քո երիտասարդները։ Ուզում եմ քեզ միշտ այսպիսին տեսնել, հրապարակում հավաքված հազարավոր մարդկանց ուզում եմ միշտ հաղթանակներ տոնելիս տեսնել՝ միահամուռ ու երջանիկ։ Թո՛ղ հաղթանակները շատ լինեն ազգիս կյանքում, ճիչերը միշտ բարձր լինեն, իսկ Հայոց դրոշն էլ հպարտ ծածանվի ամենամեծ բարձունքներում։

Հայաստա՜ն, առա՜ջ։

Աննա Կարապետյան