Անթույլատրելի արձակուրդներ…

Նրանք, ովքեր երբեւէ դիտել են «Բրյուս Ամենակարողը» գեղարվեստական ֆիլմը, թերեւս հիշում են հետեւյալ երկխոսությունը գլխավոր հերոսի եւ Աստծո միջեւ.

Բրյուս.  «Աստվածն արձակուրդ չի ունենում…»

Աստված. «Իսկապե՞ս… Ինչ է` չէ՞ս լսել միջնադարի մասին:»

Բարեբախտաբար, ցանկացած արձակուրդ ունենում է իր ավարտը: Ավարտվեց նաեւ միջնադարյան խավարը, եւ Բարձրյալը՝ բազմադարյա անաստվածությունը կամ «աստվածաբացակայությունը» փոխհատուցեց՝ մարդկությանը շնորհելով Լուսավորչության շրջանը:

Եվրոպական մշակույթի ծաղկման այս ժամանակաշրջանը նշանավորվեց գիտական, փիլիսոփայական եւ հասարակական մտքի  աննախադեպ զարգացմամբ: Ինտելեկտուալ այս շարժման հիմքում ընկած էին ռացիոնալիզմը եւ  ազատամտությունը: Սկիզբ առնելով Անգլիայում՝ շարժումը տարածում գտավ  Ֆրանսիայում, Գերմանիայում, եվրոպական մյուս երկրներում, ինչպես նաեւ Ռուսաստանում: XVIII դ. համաեվրոպական  նշանակություն ձեռք բերեց ֆրանսիական լուսավորչական գրականությունը Վոլտերի, Մոնթեսքյոի, Ռուսսոյի, Դիդրոյի եւ այլոց շնորհիվ: Վերջիններիս ստեղծագործություններում գերակայում էր ռացիոնալիզմը, որն ուղղված էր Ֆրանսիայում քաղաքական եւ սոցիալական խնդիրների քննադատությանը:

Լուսավորչական մտքի հիմնական նպատակը հետեւյալն էր. մարդկային գիտակցության ջանքերով գտնել մարդկային կյանքի բնական սկզբունքները՝ բնական կրոնը, բնական իրավունքը, տնտեսական կյանքի բնական կարգը եւ այլն: Լուսավորչության գաղափարների ազդեցության ներքո մեկնարկեցին բարեփոխումներ, որոնք կոչված էին վերափոխել հասարակական ողջ կարգը: Սակայն ինչպես նշում է Կանտը. «Լուսավորչությունը դոգմատիկ գործող գաղափարների փոխարինումը չէ այլ դոգմաներով, այն ինքնուրույն մտածողություն է: Այն սեփական ինտելեկն օգտագործելու ազատությունն է …» («Beantwortung der Frage: was ist Aufklärung?», 1784)

Հենց այսպես էլ լուսավորչական գաղափարները դրվեցին ժամանակակից հասարակության հիմնարար արժեքները համարվող ազատությունների եւ ժողովրդավարության, ինչպես նաեւ պետության՝ որպես ինքնառավարվող հանրապետություն, կրոնական հանդուրժողականության, ազատ շուկայական տնտեսության  հիմքում:  Այս արժեքների վրա էլ սկսեց զարգանալ ժամանակակից առաջադեմ աշխարհը:

Խորհրդային Միությունը եւս կառուցվեց ազատական եւ առաջադեմ գաղափարների հիմքի վրա, որոնք, ինչ որ առումով, ծնված էին հենց լուսավորչական մտքից: Սակայն չգիտես՝ ինչու, Աստված հետզհետե սկսեց հեռանալ մեզանից: Հնարավոր է՝ սխալ ընկալեցինք դավանանքի ազատությու՞նը, որն ամենեւին էլ աթեիզմը չէր, կամ ռացիոնալի՞զմը, որն ամենեւին էլ որեւէ մեկի կամքի բացարձակայնացումը չէր …

Ինչեւէ, բարեբախտաբար, Արարչի հերթական «արձակուրդն» ավարտված է!!! Մնում է միայն, հերթական անգամ նրան չհոգնեցնել, որ մեզանից փախչելու  ցանկություն այլեւս չծնվի հանկարծ…

Աննա Մկրտչյան