Ես ուզում եմ դառնալ Հայաստանի քաղաքացի

Մեզ մանկուց` դեռ դպրոցական նստարաններից սովորեցնում են այն ամենն, ինչը պետք է իմանա օրինավոր քաղաքացին` սկզբում տարրական էթիկայի կանոններ, այնուհետև հայրենասիրական ու մեր քաղաքը գովերգող բանաստեղծություններ ու երգեր: Ավելի ուշ մեզ սովորեցնում են, որ պետք է մաքուր պահենք մեր շրջապատը, մեր քաղաքը: Պատանեկան տարիքում մենք նույնիսկ մասնակցում ենք շաբաթօրյակների. մաքրում են մեր շենքի և դպրոցի բակերը և օրինակ ծառայում թե’ ինքներս մեզ, թե’ անցորդների համար… Մեզ անընդմեջ սովորեցնում են:

Թվում է` ամեն ինչ կատարյալ է իսկական քաղաքացի դառնալու համար: Սակայն անցնում են տարիներ, մոռանում ենք բոլոր երգերն ու բանաստեղծությունները (կամ գրեթե բոլորը), խմբակային շաբաթօրյակները մնում են դպրոցների պատերի ներսում, իսկ մեր բնակավայրերի ծառատունկերով «թո’ղ երեխեքը զբաղվեն»:

Ինչո՞ւ: Չէ՞ որ այդ ամենին մեզ սովորեցնում են դեռ մանկուց: Եկեք չմանրանանք պատճառների ու տարատեսակ գործոնների մեջ, այլ պարզապես ինքներս մեզ համար որոշենք, որ ուզում ենք դառնալ իսկական քաղաքացի` ոչ միայն անձնագրով հաստատված, այլ` արժանի այդ կոչումը կրելու:

Սկսեմ ինձանից: Ես ուզում եմ դառնալ Հայաստանի քաղաքացի` սիրելով ու ճանաչելով իմ երկիրը: Ես ուզում եմ դառնալ Հայաստանի քաղացի` անաղարտ պահելով իմ լեզուն, մշակույթն ու պատմությունը: Ուզում եմ դառնալ քաղաքացի իմ մտքում վառ պահելով հայ երջանկահիշատակ անուններն ու հարգելով նրանց գործերը, պարզապես մաքուր պահելով իմ քաղաքն ու հայրենի բնությունը: Ուզում եմ դառնալ իմ երկրի արժանի քաղաքացին` անարատ պահելով իմ արժեքներն ու հարգելով ուրիշներինը: Ուզում եմ դառնալ քաղաքացի` հավատով լի աչքերս հառած առ Աստված:

Ես կդառնամ քաղաքացի`գոնե մեկ հոգու դարձնելով քաղաքացի:

 Լիլիա Ամիրխանյան