Երկակի ստանդարտներ forever! Կամ հարատև շահեր

Բոլորս բազմիցս լսել ենք ու տարաբնույթ առիթներով օգտագործել «երկակի ստանդարտներ» արտահայտությունը` տեղի, թե անտեղի, սակայն հիմնականում` ի նշան բողոքի, անարդարության, խտրական ու անարդար վերաբերմունքի: Այս ստանդարտները գործում են կյանքի անխտիր բոլոր ոլորտներում, առանց բացառության:

Երբ երկակի ստանդարտներից տուժողը մենք ենք, ապա, իհարկե և անկասկած ստանդարտները երկակի են, դրա մասին պետք է բարձրաձայնել ի լուր ողջ աշխարհի, իսկ հակառակ դեպքում` երբ միայն շահողն ենք ստանդարտների կիրառումից ու «կենսագործունեությունից», ապա բոլորովին էլ կարիք չկա դրա մասին բարձրաձայնելու: Երևի թե մարդկային էությունն է այդպիսին կամ էլ` աշխարհի կարգը…

Երբ ելակետ է ընդունվում բացառապես սեփական կամ նույնիսկ մերձավորիդ շահը, ապա ստանդարտները երբեք էլ չեն կարող լինել «միակի», իսկ սկզբունքները, արժեքները, օբյեկտիվությունն ու նման բոլոր «վեհ գաղափարները» մղվում են լավագույն դեպքում երկրորդ պլան: Այսպես ձեռնտու է, քանի որ «միակի» ստանդարտները որպես հիմք ընդունելու պարագայում բազմիցս պետք է գործել ոչ ի շահ քեզ, այլ նաև ի շահ այլոց:

Երևի թե «միակի» ստանդարտները գոյություն ունեն միայն թղթերի վրա: Իրականում ամենուր ու բոլոր մակարդակներում գործում են հիմնականում երկակի ստանդարտները: Օրինակ` որևէ ապրանք կամ ծառայություն գովելու, նրա բարձր որակը ցույց տալու նպատակով որպես մակդիր ենք օգտագործում «եվրոպականը» ու «Եվրոպայից ներմուծվածը» (օրինակ` եվրավերանորոգում), սակայն շատ հետաքրքիր զուգադիպությամբ այդ նույն «եվրոպական»-ով ենք որակում ու «Եվրոպայից ներմուծված» համարում նաև «ժամանակակից» աշխարհի` «մեր ազգին ոչ հարիր» բարքերն ու  ազատությունը: Հետաքրքիր է, չէ՞: Այսինքն, շարժվում ենք հետևյալ կարգախոսով` «երբ և ինչպես ձեռնտու է»: Որտեղ ձեռնտու է, ժամանակակից եվրոպացի ենք, իսկ որտեղ ոչ` ավանդապահ ասիացի: Կա նաև խուսանավելու ավելի «դիվանագիտական» տարբերակ` մենք Եվրոպայի ու Ասիայի հետաքրքիր խառնուրդ ենք:  Ընդամենը ու միայն ձևակերպման հարց է:

Հայկուհի Կաթրջյան