Անկախությունից ճանաչում, թե՞ հակառակը

Անկախության գաղափարը վեհ է ու ցանկացած, հատկապես` մեզ նման փոքր և զարգացող երկրի համար անկախությունը պետք է բացարձակ արժեք լինի: Սակայն, այնուամենայնիվ, պետք է հասկանալ, որ անկախություն ասվածը բավականին հարաբերական է, եթե հաշվի ենք առնում մեր ունեցած սուղ ռեսուրսները (թե նյութական, թե, որքան էլ ցավալի է` արդեն ինտելեկտուալ) և եղածի` ոչ այնքան արդյունավետորեն կառավարումը: Եվ որպեսզի այդ հարաբերականությունը հնարավորինս հօգուտ մեզ ծառայեցնենք, ապա անհրաժեշտ է ամենօրյա քրտնաջան և նպատակաուղղված աշխատանք:

Գաղտնիք չէ, թե մենք` հայերս, ինչքան աշխատասեր ենք, սակայն, [ընդգծում եմ] ոչ բարենպաստ հանգամանքների բերումով մեր աշխատանքը մեծ հաշվով ուղղված է մեր առօրյա հացը վաստակելուն և հիմնված է կարճաժամկետ հաշվարկների վրա, քան հստակ նպատակաուղղված և հիմնված է երկրարաժամկետ հաշվարկների վրա… Սիզիփյան աշխատա՞նք… Իսկ ի՞նչ կարելի է անել դրությունը փոխելու համար:

Թերևս, այս հարցի պատասխանները տարբեր կարող են լինել և դրանք անշուշտ կարող են ածանցվել սոցիալ-տնտեսական, քաղաքական գործոններից: Ես ինքս էլ կարևորում եմ այդ գործոնները, սակայն առանձնակի ուշադրություն եմ ուզում դարձնել հետևյալ խնդրին: Ըստ իս` պետք է օր առաջ սկսել ինքներս մեզ ճանաչել: Խոսքը վերաբերում է մեր ներկան ճանաչելուն, մեր իրական թերությունների և առավելությունների, թուլությունների և հնարավորությունների աչքերին խիզախորեն նայելուն:

Միգուցե, կարող է թվալ, որ շատ հեշտ է այս ամենի մասին խոսելը, գործելն է դժվար: Ինչ խոսք, երկրորդն առաջինից ավելի դժվար է: Սակայն, պետք է թե’ բարձրաձայնել, թե’ անել: Համաձայն եմ, որ ոտքը պետք չէ վերմակից երկար մեկնել, սակայն ոչ էլ վախենալ նրանցից, ումից հանգամանքների բերումով և այս կամ այն չափով կախման մեջ ես գտնվում: Իսկ նման ինքնավստահ գործելը, տվյալ պարագայում մեզ համար, կյանքի բոլոր բնագավառներում ածանցվում է սեփական (թե անձի, թե հայրենիքի) արժեքը և ներուժը օբյեկտիվ գիտակցելուց:

Ի վերջո, ինչքան շուտ կարողանանք մեր իրական ներուժը բացահայտել ու գործի դնել, այնքան արդյունավետ ու կառուցողական կլինի մեր այսօրն ու վաղը:

Հեղինե Նազարյան

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

«Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ մեկնարկել է «Միասին» ծրագիրը, որի շրջանակում ուրախ ենք հայտարարել «Խաղաղություն» թեմայով դիզայներների և PR մասնագետների մրցույթ: Մրցույթի մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: