«Եվրատեսիլ»-յան տրամադրություն Երևանում

Երևանում մեկնարկում է հատուկ մի իրադարձություն, որը բացառիկ է իր հնչեղությամբ ու անկրկնելի է ՀՀ պատմության մեջ: Երևանում անց է կացվում «Մանկական Եվրատեսիլ 2011» երաժշտական մրցույթը:

Պատվիրակություններն արդեն մի քանի օր է, ինչ Երևանում են, ակտիվ պատրաստվում են մրցույթին ու հույս փայփայում, որ հենց իրենք են հաղթելու: Նրանց հետ միասին, մրցույթին են սպասում նաև հազարավոր հայեր, որ հատուկ հպարտությամբ դիտեն, թե ինչպես է ամբողջ Եվրոպան հետևելու Երևանում տեղի ունեցող իրադարձություններին ու ինչպես են միլիանավոր եվրոպացիների շուրթերից հնչելու “Armenia”, “Yerevan” բառերը: Սա իսկապես մի առանձնահատուկ պահ է Հայաստանի կյանքում, որը կստիպի աշխարհի հեռավոր անկյուններում բնակվող շատ մարդկանց, որոնք գուցե չեն էլ լսել Հայաստանի մասին, հետաքրքրվել մեր երկրով և ճանաչել մեզ, որպես Եվրոպայի մի մաս, որն իր մոտ հյուրընկալել է եվրոպական նշանավոր մրցույթը: 

Բացի այդ, սա ունի նաև տնտեսական ու քաղաքական դրական գործոններ, որոնց թվում են տուրիզմի զարգացումը, եվրաինտեգրման խորացումը և այլն: Փորձեցի այս կապացությամբ իմանալ երևանցիների կարծիքը: «Ուրախ եք, արդյո՞ք, որ Եվրատեսիլն անց է կացվում Երևանում» հարցին լսեցի մեծամասամբ դրական պատասխաններ: «Իհարկե ուրախ եմ, չէ որ շատ բալիկներ կգան մեր քաղաք ու ետ դառնալով՝ կպատմեն այդ մասին իրենց ընկերներին», «Շատ ուրախ եմ, քանի որ մենք նույնպես ներգրավվում ենք միջազգային իրադարձությունների մեջ», այսպիսի էին կարծիքները:

Սակայն չեմ կարող չնշել, որ որպես երևանցի մի քիչ տխրում եմ, որ քաղաքում չի զգացվում այս ուրախության ու տոնի շունչը, շատերը նունիսկ չեն էլ կռահում, որ մրցույթն արդեն այդքան մոտ է: Այս կարծիքն ինձ հետ կիսեցին շատերը, քաղաքում քիչ են պաստառները, քիչ է այդ պայծառությունն ու տոնը, որն իր հետ պետք է բերեր այս մանկական, վառ ու ուրախ մրցույթը: Չնայած, եղան նաև այնպիսիք, ով նշեցին, որ զգում են շունչը և նունիսկ քաղաքում տեսել են “Junior Eurivision 2011″ գրվածքով մեքենաներ:

Բայց եկեք չմոռանանք, որ մենք ենք ստեղծում մեր քաղաքի շունչը և դարձնենք մեր քաղաքը պայծառ և տոնական մեր ժպիտներով ու դրական լիցքերով: Հաջողություն մաղթենք բոլոր մասնակիցներին, և հատկապես Հայաստանը ներկայացնող աղջնակին՝ Դալիթային:

Դե ի՞նչ, ARMENIAAA…

Աննա Կարապետյան