Այսօր ուզում եմ խոսել մեր ուսանողների և ուսանող լինելու մասին:

Անշուշտ, այժմ կան շատ ու շատ լավ ուսանողներ, սակայն երբեմն այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե անգամ նրանք չգիտեն, ինչ է նշանակում ուսանող լինելը կամ ուսանելը: Ամենից մեծ <զարմանք> նրանց մոտ առաջանում է հատկապես այն ժամանակ, երբ հանձնարարվում է ինքնուրույն աշխատանք: Ուսանողներից շատերը չեն էլ պատկերացնում, որ իրենք պետք է իսկապես ինքնուրույն ուսումնասիրեն տարբեր նյութեր, վերլուծեն դրանք, հետո հանգեն սեփական եզրակացությունների: Նրանք կարող են խիստ վրդովվել, երբ, օրինակ, տարբեր տեղերից (մանավանդ ինտերնետից) արտատպած նյութը գնահատվի ցածր: Կարծես նրանց մեծ մասին թվում է, եթե իրենք դա բերել ու հանձնել են դասախոսին, ապա մեծ շնորհ են արել: Ավելին, երբ սկսում են կարդալ այդ նյութը, այլ ոչ թե խոսել, ինչպես որ պահանջվում է, ու ավելի ցածր միավորներ են վաստակում, ընդհանրապես ապշում են:

Կամ մեկ ուրիշ իրավիճակ: Ուսանողը կարող է ընդհանրապես դասի չգալ, <հայտնվել> վերջին լուծարքին` այն էլ ոչինչ չարած, և խիստ զարմանալ, որ ստանում է անբավարար գնահատական: Ավելին, նա կարող է ժպտալով հարցնել. <Ուրեմն ի՞նչ, ինձ դուրս եք թողնում>: Նրան զարմացնում է, երբ իրեն ասվում է, թե ինքնուրույն է <դուրս մնում> համալսարանից>: Այսինքն, ստացվում է, որ միայն դասախոսներն ե՞ն շահագրգռված կամ պատասխանատու այն բանի համար, որ որևէ ուսանող չտուժի և մնա ուսանող:

Իսկ հենց ուսանողը կամ նրա ծնողնե՞րը: Իմիջիայլոց, վերջիններս երբեմն բավականին հետաքրքիր դիրքորոշում են զբաղեցնում: Երբ հանկարծ պարզվում է, որ իրենց երեխան խնդիրներ ունի ուսանելու հետ, ստացվում է, որ բոլորը (հասկացիր ռեկտորը, դեկանը, դասախոսները) մեղավոր են այդ հարցում, բացի իրենցից և իրենց զավակից: Միթե՞ կարելի է նման անպատասխանատվություն սերմանել սեփական երեխաների մեջ: Միթե՞ իրենք իսկապես չեն գիտակցում կամ գնահատում այն կրթությունը, որ երիտասարդները կարող են ստանալ ուսանողության տարիներին:

Այդ դեպքում ինչու՞ են իրենց երեխաներին ուղարկում համալսարաններ, ինչու՞ են վճարում նման գումարներ: Ամենից զավեշտականը, թերևս, դա է: Վճարում են ինչ-որ բանի համար, ոչինչ չեն վերցնում փոխարենը, հետո ոչինչ չեն ունենում, որ իրենք <վաճառեն>: Տրամաբանությունն անհասկանալի է:

Շատ լավ կլիներ, եթե մեր ուսանողները գոնե որոշ չափով գիտակցեին, թե ուր և ինչու են գնում, թե ինչ են ուզում: Հակառակ դեպքում նրանք դժվար կարողանան լիարժեք մարդ ու քաղաքացի լինել:

Նունե Մելքոնյան