ԱՄԱՆՈՐՅԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԿՄԵԿՆԱՐԿԵՆ ԴԵԿ. 20-ԻՑ

Երեւանի քաղաքապետարանի կողմից դեկտեմբերի 20-ին ժամը 20.00-ին Հանրապետության հրապարակում հանդիսավոր կերպով կտրվի տոնական միջոցառումների մեկնարկը: Այս մասին տեղեկացրել է Երեւանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետ Կամո Մովսիսյան:

Նրա հավաստմամբ այս տարվա մշակութային միջոցառումներն անցյալ տարվա միջոցառումներից տարբերվելու են եւ բովանդակությամբ, եւ ծավալով:

Մասնավորապես բոլոր վարչական շրջաններում կազմակերպվելու են միջոցառումներ, տեղադրվելու են տոնածառներ: «Կլինի 3D շոու, համերգային ծրագիր եւ հրավառություն»,- ավելացրել է Կամո Մովսիսյանը:

Ի դեպ, Հանրապետության հրապարակում միջոցառումներ կլինեն նաեւ դեկտեմբերի 31-ին, հունվարի 6-ին եւ հունվարի 13-ին: Միջոցառումներ կկազմակերպվեն նաեւ Ազատության հրապարակում` հիմնականում մանկական սահադաշտում, Շառլ Անձնավուրի հրապարակում եւ Հյուսիսային պողոտայում:

Քաղաքապետարանի կողմից շուրջ 2500 երեխայի նվերներ եւ ներկայացումների տոմսեր են բաժանվելու: Իսկ վարչական շրջանների կողմից այդ առումով առանձին ծրագիր է իրականացվելու:

09.12.2011