ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԵԿՆՈՒՄ Է ԻՏԱԼԻԱ

Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 12-15-ը աշխատանքային այցով կմեկնի Իտալիայի Հանրապետություն և Վատիկան: Այցի շրջանակներում Հանրապետության ղեկավարը հանդիպումներ կունենա Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ի, Իտալիայի նախագահ Ջորջիո Նապոլիտանոյի, Խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահ Ջանֆրանկո Ֆինիի, Վատիկանի պետքարտուղար Կարդինալ Տարչիցիո Բերտոնեի, Հռոմի քաղաքապետ Ջանի Ալեմանոյի հետ:

Հռոմում Նախագահ Սերժ Սարգսյանը կայցելի նաև Բրասկի թանգարանում բացված «Դվին. Հայաստանի մայրաքաղաքը Եվրոպայի և Ասիայի միջև» խորագրով ցուցահանդեսը:

Հանրապետության ղեկավարը Վենետիկում կմասնակցի երկու երկրների նախագահների բարձր հովանու ներքո բացվող «Հայաստան. Քաղաքակրթության դրոշմներ» ցուցահանդեսին, որը նվիրված է հայ գրատպության 500-ամյակին:

Սերժ Սարգսյանը Վենետիկում հանդիպում կունենա Մխիթարյան միաբանության անդամների և Իտալիայի հայ համայնքի ավելի քան երկու տասնյակ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Նախատեսված է նաև Հանրապետության ղեկավարի հանդիպումը «Հայաստան. Քաղաքակրթության դրոշմներ» ցուցահանդեսի բացման առիթով աշխարհի տարբեր երկրներից Իտալիա ժամանած հայագետների հետ:

Սերժ Սարգսյանը կայցելի Վենետիկի քաղաքապետարան ևս, որտեղ ներկա կգտնվի Երևանը և Վենետիկը քույր քաղաքներ հռչակելու գործընթացն սկսելու վերաբերյալ երկու քաղաքների միջև համաձայնագրի ստորագրման արարողությանը:

Այցի շրջանակներում Նախագահը հանդիպում կունենա նաև Իտալիայի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ:

12.12.2011