Փոփոխությունների քամի Եվրոպայում

Հունաստան, Իտալիա, Իսպանիա, Խորվաթիա, Սլովենիա …

Սա իհարկե ինտելեկտուալ խաղերի հարցերից չէ, որոնց պահանջն է գտնել նշված հերթականության օրինաչափությունն ու շարունակել այն: Իսկ եթե նույնիսկ նման խաղերից մեկում այս հարցը ներկայացվեր, բոլոր նրանք, ովքեր քիչ թե շատ հետևում են համաշխարհային լրահոսին ու տեղյակ են իրադարձությունների ընթացքին, հեշտությամբ կպարզեին օրինաչափությունը: Բայց այ հերթական երկրի անունը, դժվար թե որևէ մեկը կարողանար ասել, քանի որ թվարկվածներն այն եվրոպական երկրներն են, որտեղ եվրոպական ճգնաժամը հանգեցրեց իշխանափոխության: Իսկ ապագայի կանխատեսմամբ զբաղվելն անշնորհակալ գործ է:

Հունաստանում, Իտալիայում և Իսպանիայում կառավարությունները կամովին հրաժարական ներկայացրեցին եվրագոտու ճգնաժամի պատճառով, իսկ Խորվաթիայում և Սլովենիայում կայացան խորհրդարանական ընտրություններ, և հաղթանակ տարան ընդդիմադիր կուսակցությունները:

Վերջին ամիսներին Եվրոպայում կատարվող փոփոխությունները ևս մեկ անգամ ակնհայտ դարձրեցին արևմուտքի և արևելքի տարբերություններից մեկը` ղեկավարների կառչած չլինելն իրենց «աթոռներից» և հարկ եղած դեպքում այն մեկ այլ թիմի զիջելու կարողությունը` ի բարօրություն ազգային և պետական, այլ ոչ սեփական շահերի: Եվրոպական իշխանափոխությունները տեղի են ունենում ռազմական սպառնալիքի և պատերազմի բացակայության դեպքում, երբ ղեկավարի` իշխանության ղեկին գտնվելու յուրաքանչյուր ժամը հարյուրավոր քաղաքացիների կյանքեր չի արժենում:

Մյուս տարբերությունը վաղուց արդեն հայտնի ազատ ու թափանցիկ ընտրություններն են: Օրինակ, Սլովենիայում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարավ ձախ ընդդիմադիր «Պոզիտիվ Սլովենիա» կուսակցությունը, իսկ Խորվաթիայում` թեկուզև մի փոքր տարօրինակ անվանմամբ, սակայն ընդդիմադիր «Kukureku» կուսակցությունը:

Ուղղակի նշենք, որ 2012-ի գարնանը սպասվում են նախագահական ընտրություններ Ֆրանսիայում, իսկ 2013-ի աշնանը` Բունդեսթագի ընտրություններ Գերմանիայում: Տեսնենք, թե ինչպես կժպտա բախտը Եվրոպայի «առաջատարներին»:

Հայկուհի Կաթրջյան