ԳՐԱՆԹ ԹՈՐՆԹՈՆԸ 57 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ Է ՆՎԻՐԱԲԵՐԵԼ ՅՈՒՆԻՍԵՖ-ին

Այս շաբաթ Գրանթ Թորնթոնը 57,000 ԱՄՆ դոլար է նվիրաբերել ՅՈւՆԻՍԵՖ-ին, Միջազգային գործարար զեկույցի (ՄԳԶ) շարունակական համագործակցության շրջանակներում:

Մեկնարկելով 1992-ին եվրոպական 9 երկրում, զեկույցը այժմ յուրաքանչյուր տարի հարցում է անցկացնում 40 երկրի 11,500 գործարարների շրջանում, ուսումնասիրելով տնտեսական եւ կոմերցիոն խնդիրներ, որոնք իրենց ազդեցությունն են ունենում ցուցակված եւ մասնավոր ընկերությունների վրա:

Յուրաքանչյուր իրականացրած հարցման դիմաց Գրանթ Թորնթոնը 5 ԱՄՆ դոլար է նվիրաբերում ՅՈւՆԻՍԵՖ-ին:

Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի գործադիր տնօրեն Էդ Նասբաումն ասաց «Ուրախությամբ շարունակում ենք աջակցել այն գործին, որ իրականացնում է ՅՈւՆԻՍԵՖ-ը: Փոփոխություն կատարելով ՄԳԶ-ում եւ այն ամենամյայից վերածելով եռամսյակային հարցման, մենք այժմ յուրաքանչյուր տարի հարցում ենք անցկացնում ղեկավար գործարարների ավելի լայն շրջանում: Բացի այն, որ մենք հնարավորություն ենք ստանում ավելի վաղ գաղափար կազմել բիզնես գործընթացների մասին, դա նաեւ, ի ուրախություն մեզ, հնարավոր է դարձնում նշանակալիորեն ավելացնել մեր ամենամյա նվիրատվության չափը»:

Փոխանցելով կտրոնը ՅՈւՆԻՍԵՖ-ին՝ ՄԳԶ ղեկավար Դոմինիկ Քինգը ասաց. «5 ԱՄՆ դոլարի նվիրատվությունը կարեւոր խթան է, որ գործարարները համաձայնեն մասնակցել հարցմանը: Այսօրվա սրընթաց գործարար աշխարհում, մարդիկ անընդմեջ գտնվում են ժամանակի ճնշման տակ, եւ միջազգային հնչողություն ունեցող բարեգործությունը էապես նպաստում է մեր ծրագրի կայացմանը, եւ, որ ավելի կարեւոր է, իր լուման է ունենում երեխաների կյանքերի փրկության գործում»:

Վերջին հինգ տարվա ընթացքում ՄԳԶ ծրագրի միջոցով ՅՈՒՆԻՍԵՖ-ին արված նվիրատվությունը կազմել է ավելի քան 200,000 ԱՄՆ դոլար:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի Մեծ Բրիտանիայի կորպորատիվ ղեկավար Վիկտորիա Լինդոփն ասել է. «Մենք իսկապես երախտապարտ ենք, որ Գրանթ Թորնթոնը որոշել է շարունակել իր համագործակցությունը մեզ հետ: Երեխաների համար կատարվող ՅՈՒՆԻՍԵՖ – ի աշխատանքը լիովին կախված է կամավոր նվիրատվություններից, քանի որ մենք չենք ստանում որեւէ ֆինանսավորում ՄԱԿ-ի բյուջեից: Ամենամյա նվիրատվությունը մեծ արժեք ունի յուրաքանչյուր երեխայի համար կյանքի լավագույն սկիզբ ապահովելու մեր առաքելության համար»: