…Եվ կրկին՝ ՇՆՈՐՀԱՎՈ~Ր ԱՄԱՆՈՐ

Ասում են՝ հայերս դեռ շատ հնուց բազմազան տոնախմբությունների, քեֆ-ուրախությունների սիրահար ենք եղել: Բավական է հիշել հույն պատմիչ Քսենոփոնին, որի վկայությամբ ավելի քան 2400 տարի առաջ «Արմենիայում չկար մի տուն, որտեղ սեղանին չդնեին ուլի, խոզի, հորթի և հավի միս՝ ցորենի և գարու հացի հետ…Այստեղ նրանք արդեն ունեին անհրաժեշտ բոլոր տեսակի պարենի և բարիքների առատություն, մորթելու անասուններ, հաց, անուշահոտ հին գինիներ, չամիչ, ամեն տեսակի ընդեղեն»:

Թերեւս կարիք չկա նշելու՝ որտեղ հացն ու գինին, այնտեղ էլ երգն ու պարը եւ ուրախ տրամադրությունը: Հնարավոր է՝ բազմապիսի տոնախմբությունների հանդեպ մեր վաղեմի սերն էլ մեզ շարունակում է «դրդել» հնարավորինս ձգձգել տոնական բոլոր տրամադրությունները: Այսպես, օրինակ, եթե արեւմուտքում նշում են Սուրբ Վալենտինի օրը, մենք նշում ենք սիրահարների ամիս, որը սկսվում է Սուրբ Սարգսի տոնով եւ շարունակվում Սուրբ Վալենտինի օրվան հատուկ տոնակատարություններով: Եթե ընդունված է մարտի 8-ը նշել որպես Կանանց տոն, մենք ունենք կանանց նվիրված միամսյակ, որը միայն սկսվում է մարտի 8-ով եւ ավատվում՝ Մայրության եւ գեղեցկության տոնով ապրիլի 7-ին…

Եվ իհարկե տոնական շրջանների շարքում ամենասպասված, ամենասիրելի եւ ուրախ տոնախմբությունները բաժին են ընկնում Ամանորին եւ Սուրբ Ծննդյանը: Պետք է նշել, որ այս դեպքում եւս, հավատարիմ՝ կյանքը տոն դարձնելու մեր շնորհին, կարողանում ենք հնարավորինս երկարաձգել տոնի զգացողությունն ու տրամադրությունը: Մեզ մոտ տոնական անցուդարձը սկսվում է դեռեւս նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներից՝ կաթոլիկ եկեղեցու Սուրբ Ծննդյան տոնի նախօրեից եւ շարունակվում   մինչեւ հունվարի 13-14-ը կամ Հին Նոր Տարին: Այն բանից հետո, երբ Ռուսաստանի կայսրությունը (վերջինիս կազմում՝ նաեւ Հայաստանը) Հուլիոսյան օրացույցից անցում կատարեց Գրիգորյանական օրացույցին, մենք հնարավորություն ստացանք Նոր Տարին նշելու հին եւ նոր տոմարներով: Սա իսկապես մեծ ընծա էր բոլոր նրանց համար, ովքեր սիրում եւ բարձր են գնահատում ամանորյա հրաշքները, ուրախ եւ բարի տրամադրությունը, երբ միմյանց բարեմաղթանքներ են հղում, տոնի ոգուն հատուկ բարի ժպիտ ընծայում ոչ միայն ծանոթներ ու ընկերներ, այլեւ՝ միմյանց օտար անցորդներ…

Արեւմտյան Եվրոպայում, որտեղ համեմատաբար առավել վաղ են անցում կատարել Գրիգորյանական օրացույցին, հին եւ նոր տոմարների տարբերությունը վաղուց արդեն հասցրել է մոռացվել: Ուստի Հին Նոր Տարին հիմնականում նշում են նախկին Ռուսական կայսրության ժողովուրդները, այդ թվում՝ հայերս եւ արեւելաեվրոպական որոշ երկրներ: Ինչեւէ, հիշենք, որ եվրաինտեգրումը երկկողմ գործընթաց է: Հնարավոր է՝ տոների ու տոնականի հանդեպ մեր սերը կարող է լինել այն փոքրիկ, սակայն լուսավոր ներդրումներից մեկն այս գործընթացում:

Հավատարիմ նշվածի տրամաբանությանը՝ մաղթում ենք, որ ամանորյա հրաշքի, ինչպես եւ տոնի հեքիաթային զգացողությունը մշտապես ապրի բոլորիս հոգիներում, ուղեկցի մեզ մեր արարքներում՝ անկախ  օրացույցից:

Աննա Մկրտչյան