Խոսքի ազատության ճիշտ ընկալում

Գերմանիայում մի շարք քաղաքական սկանդալներից հետո օգտատերերը համացանցը համալրել են մի շարք կատակներով ու ծաղրանկարներով: Սակայն, դյուսելդորֆյան իրավաբանը հիշեցրել է նրանց, որ երկրի ղեկավարի պատիվը պաշտպանված է հատուկ օրենքով, որը 3 ամսվա ազատազրկում է նախատեսում երկրի ղեկավարին վիրավորելու համար: «Նա, ով վիրավորում է ֆեդերալ նախագահին, վիրավորում է նաև հանրապետությունը»,- հայտարարել է իրավաբանը:

Գերմանիայի ժողովրդավար եվրոպական երկիր լինելու վրա քչերս ենք կասկածում, սակայն նույնիսկ այնտեղ քաղաքացու ազատությունը սահմանափակվում է այնտեղ, որտեղ սկսվում է երկրի արժանապատվության հարցը, իսկ երկրի առաջին դեմքերի արժանապատվությունն ամբողջ ժողովրդի արժանապատվությունն է:

Հասարակության զարգացման, արժեքների գիտակցման և դրանց ճիշտ կիրառման համար ժամանակ է պետք, որի ընթացքում քիչ չեն լինում սխալներն ու թերացումները: Ժողովրդավարացման ուղի բռնած երկրներում հաճախ հասարակության կողմից սխալ են ընկալվում և մեկնաբանվում ժողովրդավարության հիմնարար իրավունքները, որոնցից գլխավորն ազատությունն է: Տվյալ դեպքում խոսում ենք խոսքի, մտքի ազատության մասին, որը հաճախ ընկալվում է որպես ամենաթողություն և օգտագործվում է սեփական, հաճախ չհիմնավորված, կարծիքը բարձրաձայն արտահայտելու և բոլորին լսելի դարձնելու ձգտման մեջ:

Սակայն մենք պետք է քաջ գիտակցենք, որ յուրաքանչյուր ժողովրդի քաղաքակիրթ ու ժողովրդավար լինելն առաջին հերթին արտահայտնվում է իր պետության հանդեպ հարգալից վերբերմունքի մեջ, իսկ պետության խորհրդանիշն ամբողջ աշխարհի աչքերում երկրի առաջին դեմքերն են՝ բարձրաստիճան պաշտոնյաները:

Յուրաքանչյուրս պետք է հասկանանք, որ երկրի նախագահը նրա երդման արարողության պահից, այլևս անհատ չէ, որի հանդեպ մենք կարող ենք դրական կամ բացասական վերաբերմունք ունենալ, նա երկրի Նախագահն է՝ ինստիտուտ, որը ներկայացնում է տվյալ երկիրն ու նրա ժողովրդին: Եվ յուրաքանչյուրս պարտավոր ենք հարգել և հարիր կերպով վերաբերվել այդ ինտիտուտին: Ի դեպ ասածս չի վերաբարվում միայն նախագահին:

Հ.Գ. Եվ եկեք չմոռանանք, որ այդ բարձրաստիճան պաշտոնյան նաև պարզապես մարդ է, որի արժանապատվությունը պաշտպանված է Սահմանադրությամբ, ինչպես և մեզանից յուրաքանչյուրինը:

Աննա Կարապետյան