Եվրոպան ու միասնականությունն անբաժանելի են

Տնտեսությունը ևս մշակույթ ունի:

Այս անգամ ուզում եմ խոսել մի երևույթի մասին, որն, առաջին հայացքից, զավեշտալի կթվա: Այո, թվերից ու հաշվարկներից, օրենքներից ու նորմերից զատ, տնտեսությունն ունի նաև լավ  զարգացած մշակույթ բազմաթիվ էլեմենտներով:

Համաշխարհային տնտեսության գլոբալիզացիայի պայմաններում տնտեսության լավ ձևավորված մշակույթ է միասնականությունը:

Այդօրինակ մշակույթի ամենակատարյալ դրսևորումներից է Եվրոպական Միությունը` որպես տնտեսական ինտեգրացիայի կատարյալ ձև: Չեմ ուզում տնտեսագիտորեն ներկայացնել` ինչ ասել է տնտեսական ինտեգրացիա, քանի որ կա պարզ ու գեղեցիկ բնութագրում այդ երևույթին. Միասնականություն. միասնականություն` արժեքներում, ֆինանսատնտեսական քաղաքականություններում, միասնականություն` մոտեցումներում ու արժույթում:

Հենց վերջինի` արժույթի վրա էլ ուզում եմ կանգ առնել: Գաղտնիք չէ, որ Եվրոպան ունի միասնական արժույթ` եվրոն: Բացի վճարամիջոց հանդես գալուց, եվրոն համարվում է նաև միասնականության մշակույթի դրսևորում:  Գաղտնիք չէ նաև, որ այն վտանգի առաջ է կանգնած: Ասում են` եվրոն հնարավոր է կդադարի շրջանառվել` եվրոպական ճգնաժամի արդյունքում:

Ի~նչ է ` պետք է վախենալ և մտածել, որ այդուհետ գոյություն չի ունենա նաև Եվրոպա՞ն, քանի որ չի լինի միասնականությո՞ւնը: Եկեք մի պահ պատկերացնենք, որ եվրոն այլևս չի շրջանառվում, չկա միասնական արժույթը: Ամեն երկիր հանդես է գալիս իր դրամական միավորով: Դա չի նշանակում, որ Եվրոպան կդադարի լինել միասնական: Չէ-որ հիսուն տարի շարունակ միմյանց հետ սերտաճած այդ քաղաքակրթությունները սովորել են ապրել միմյանց հետ, միևնույն արժեքներով, ձևավորել են մարդու իրավունքների պաշտպանության յուրօրինակ համակարգ, բնության նկատմնամբ դրսևորած համընդհանուր մոտեցմամբ: Այս ամենն արժեքներ են, որոնք անմահ են ու բոլոր եվրոպացիների համար նույնը` միասնական:  Ուզում եմ ինձ թույլ տալ հայտարարել, որ Եվրոպան և միասնականությունն անբաժան են:

Իսկ այն հանգամանքը, որ միգուցե էլ գոյություն չի ունենա միասնական տնտեսական միավորը` արժույթը, հոգ չէ: Կգտվնի մի նոր մեխանիզմ, չէ-որ տնտեսությունն ունի մշակույթ, որը կդրսևորվի մեկ այլ երևույթի մեջ:

Լիլիա Ամիրխանյան