ԵԽԽՎ-Ն ԸՆԴՈՒՆԵԼ Է ԹԵՂՈՒՏԻ ԵՎ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՌՉԱԿԱԳՐԵՐ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը ԵԽԽՎ լիագումար նիստի ընթացքում շրջանառության մեջ է դրել երկու գրավոր հռչակագիր:

«Թեղուտի տեխնածին բնապահպանական աղետի ծրագրի դատապարտում» վերտառությամբ քննարկման ներկայացված առաջին փաստաթուղթը, որին իրենց ստորագրություններով միացել են 27 պետություն ներկայացնող 44 պատվիրակներ, առնչվում է Հայաստանի բնապահպանական ճգնաժամին եւ մասնավորաբար` Թեղուտի խնդրին: Հռչակագրում նշվում է` «Մենք խստորեն դատապարտում ենք Հայաստանի կառավարության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների շարունակական ոտնահարումը եւ պահանջում անվավեր ճանաչել Թեղուտի հանքի շահագործման վերաբերյալ բոլոր որոշումները»:

Երկրորդ փաստաթուղթը` «Ուշադրության կոչ Թուրքիայում շարունակվող անպատժելիության հետեւանքների վերաբերյալ», որը ստորագրված էր ԵԽԽՎ-ում 24 երկրի 35 պատվիրակների կողմից, անդրադառնում է Հրանտ Դինքի` թուրքական պետության կողմից իրականացված սպանության հինգերորդ տարելիցին եւ կոչ է անում ճանաչել հայերի, ասորիների ու հույների ցեղասպանությունները: «Մենք մտահոգված ենք թուրքական իշխանությունների կողմից հայերի, հույների եւ ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունների շարունակական ժխտմամբ եւ լրագրողների ու գրողների նկատմամբ հետապնդումների նպատակով քրեական օրենսգրքի 301 հոդվածի օգտագործմամբ»,- ասված է փաստաթղթում:

27.01.2012