«Սկզբում էր Բանը…»

Խոսքի, առանց որի նյութականացումից զուրկ է միտքը, նշանակությունն ու ուժը մարդկությանը հայտնի է եղել միշտ: Այս է թերեւս նաեւ պատճառներից մեկը, որ բոլոր նվաճումները դարեր շարունակ ուղեկցվել են նվաճված ժողովուրդների մշակութային արժեքների ոչնչացմամբ, վերջիններիս սեփական լեզվից զրկելու՝ արդյունքում ձուլելու ձգտմամբ …

Քաղաքակիրթ 21-րդ դարը, գիտակցելով լեզվի կարեւորությունը ազգերի ինքության պահպանման գործում, մայրենի լեզվի պաշտպանությունը եւս օրակարգային դարձրեց:  1999թ. ՄԱԿ-ի Կրթական, գիտական եւ մշակութային կազմակերպությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, փետրվարի 21-ը հռչակեց Մայրենի լեզվի միջազգային օր` ողջ աշխարհում խթանելու լեզվական եւ մշակութային բազմազանության մասին փոխադարձ տեղեկացվածությունը:

… 1948թ. մարտի 21-ին Պակիստանի գլխավոր նահանգապետ Մոհամեդ Ալի Ջինահը ուրդուն հռչակեց Արեւմտյան եւ Արեւելյան Պակիստանի միակ պաշտոնական լեզու: Արեւելյան Պակիստանի՝ այժմյան Բանգլադեշի բնակիչները, որոնց մայրենի լեզուն բանգլան էր, ընդդիմացան այս որոշամանը: 1952թ. փետրվարի 21-ին Բանգլադեշի մայրաքաղաք Դհակայում ուսանողները բողոքի ցույց կազմակերպեցին: Կառավարությունն անմիջապես պարետային ժամ սահմանեց՝ ոստիկանական զինված ջոկատներ ուղարկելով խաղաղ ցուցարարների դեմ: Ցույցն ավարտվեց արյունահեղությամբ …

…Ասում են՝ էվոլյուցիոն տեսանկյունից կենսունակ են այն տեսակները, որոնք առավել ճկուն են, իսկ ճկունության գրավական է տեսակի բազմակողմանիությունը: Չես ուզում անգամ մտածել՝ ինչ կլիներ, եթե երբեւէ մարդկության պատմության ընթացքում որեւէ ազգի կամ ռասայի հաջողվեր հասնել բացարձակ գերիշխանության՝ ոչնչացնելով կամ ձուլելով մյուսներին…

Կարծում եմ՝ գլոբալիզացիայի հակառակորդներին սկսեց դուր գալ այս ակնարկը: Սակայն շտապեմ հավելել. գլոբալիզացիայի ժամանակակից գործընթացը, որն արդի տեխնոլոգիաների առկայության եւ զարգացման պայմաններում թերեւս օրինաչափ եւ բնականոն գործընթաց է, կարծում եմ՝ քիչ առնչություն ունի որեւէ ազգի կամ ազգերի գերակայության խնդրի հետ:  Հնարավոր է՝ ճիշտ հակառակը. գլոբալիզացիայի իմաստն ու անհրաժեշտությունը սեփական արժեքներն ու հարստությունը՝ մշակութային, լեզվական եւ այլ, համամարդկային դարձնելու մեջ է՝ նպաստելով մարդկային տեսակի բազմազանության ապահովմանը… Մարդ տեսակի, որն, ո՞վ գիտե՝ դեռ որքան մարտահրավերների պետք է դիմակայի…

Աննա Մկրտչյան