Միակ պայմանն «ավելի լավը» դառնալն է

Վերջերս առիթ ունեցա ականատես լինել մի զրույցի, որի ժամանակ 16-18 տարեկան մի քանի պատանիներ վիճում էին եվրաինտեգրման «պլյուսների» և «մինուսների» և այդ համատեքստում ազգային արժեքների ու հայ մնալու մասին: Բանավեճի ընթացքում Հայաստանի` եվրամերձեցմանը կողմ հանդես եկող պատանիներից մեկը խնդրեց ընդդիմադիր ընկերներին նշել գոնե մեկ լավ բան, որը կորցնում ենք Եվրոպայի հետ ինտեգրվելու դեպքում: Եվ մյուսն անմիջապես նշեց հայ մնալը:

Իսկ ի՞նչ է նշանակում հայ լինել կամ հայ մնալ: Ինչպես և ամեն ինչ այս աշխարհում, սա ևս շատ հարաբերական հասկացություն է, և յուրաքանչյուր ոք շատ տարբեր կերպ է պատկերացնում հայ լինելը: Այս հարցով դիմեցի տարբեր տարիքային և մասնագիտական ցենզ ունեցող մարդկանց, և պատասխանները բազմազան էին` «իմանալ հայոց լեզու և հայոց պատմություն», «սիրել հայերին», «լինել տխուր ու տուժված», «լինել խելացի և հյուրընկալ», «պայքարել ցեղասպանության ճանաչման համար», «ապրել հայեցի», «ատել թուրքերին», «հպարտանալ մեր հերոսներով», «պահպանել հայկական ավանդույթներն ու արժեքները», «ողբալ ու սգալ», «ապրել Հայաստանում ցանկացած պարագայում», «սիրել Հայաստանը ու սրտացավ լինել Հայաստանի համար», «գնահատել ընտանիքդ», «ազգությունը կարևոր չէ, կարևոր է մարդ լինելը» և այլն: Ինչպես նկատեցիք, որքան մարդ, այնքան էլ կարծիք:

Այս համատեքստում արժե նշել, որ «եվրոպական հարկի» տակ ապրում են բազմաթիվ ազգեր ու ազգություններ, սակայն նրանցից ոչ մեկը չի կորցրել իր ազգային ինքնությունը, արժեքները, լեզուն, պատմությունը, ավանդույթներն ու մշակույթը: Չնայած որ և ֆրանսիացիները, և իտալացիները, և գերմանացիները, և լեհերը, և շվեդները, և անգլիացիները, և հունգարները Եվրոպական միության քաղաքացիներ են, սակայն նրանցից ոչ մեկը ոչ միայն չի դադարել, այլև շարունակում է մնալ լեհ, հույն կամ իսպանացի: Եվրոպան իրենից ներկայացնում է ունիկալ էթնոմշակութային մի միավոր, որտեղ գոյակցում են տարբեր մշակույթներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր դեմքը, լեզուն և բազմադարյա պատմությունը, սակայն բոլորին միավորում է մեկ ընդհանուր արժեհամակարգն ու ժողովրդավար ապագա կառուցելու հաստատակամությունը: Այսինքն, Եվրոպական ընտանիք «ընդունվելու» համար սահմանված են միայն այնպիսի չափանիշներ, որոնց բավարարման դեպքում երկիրը համարվում է ժողովրդարար, մարդու իրավունքները հարգող, օրենքը գերակա համարող և այլն, և այլն, սակայն չկա որևէ պայման լեզուն, պատմությունը, մշակույթը, հավատքն ու հայրենիքը (որոնք էլ հիմնականում համարվում են ազգային ինքնության հիմնաքարերը) փոխելու մասին:  Եվ հայերս էլ, «մերձենալով» Եվրոպային, ոչ միայն չենք դադարում հայ լինել, այլև մեր մշակույթով ավելի ենքհարստացնում  ու բազմազան դարձնում եվրոպական ընտանիքի խճանկարը:

Հ.Գ. Իսկ միգուցե ժամանա՞կն է արդեն ուսումնական հաստատություններում անցկացնել մշտական դասընթացներ Հայաստանի եվրաինտեգրման ճանապարհի, դրա բոլոր դրական ու բացասական կողմերի մասին` դաստիարակելով ապագա սերնդի մոտ ճիշտ դիրքորոշում ժողովրդավար Հայաստանի համար կարևոր այս ուղղության վերաբերյալ:

Հ. Կաթրջյան