ՀԵՐՄԱՆ ՎԱՆ ՌՈՄՊԵՅԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ՄԱՍԻՆ

ԵՄ-ն ցանկանում է առաջընթաց տեսնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում, այդ հարցը ԵՄ-ի արտաքին քաղաքականության առաջնահերթ ուղղություններից մեկն է:

Այս մասին մարտի 6-ին, Բրյուսելում հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյը` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ կայացած համատեղ ճեպազրույցի ժամանակ:

«Առաջընթացը սկզբունքորեն կարեւոր է համարվում: Այդ կապակցությամբ, ԵՄ-ն կրկին հայտարարում է Մադրիդյան սկզբունքները պաշտպանելու իր դիրքորոշման մասին եւ կոչ անում Հայաստանին եւ Ադրբեջանին ակտիվացնել ջանքերը` որպես խաղաղության հիմք այդ սկզբունքներով համաձայնություն ձեռք բերելու համար»,-հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահը:

Նա մտահոգություն է հայտնել շփման գծում լարվածության աճի առթիվ` հավելելով, որ հենց այդ հանգամանքն ընդգծում է հրադադարի համաձայնության իրականացման եւ վստահության ամրապնդման համար համապատասխան միջոցներ կիրառելու կարեւորությունը:

07.03.2012