Շնորհավո~ր մարտի 8

Այսօր ամբողջ աշխարհը նշում է կանանց տոնը, իսկ մենք՝ հայերս, այնքան շատ ենք սիրում մեր կանանց, որ տոնում ենք կանանց մի ամսյակը։ Իսկ ես առաջարկում եմ այսուհետ տոնել կանանց տարին ու այն տոնել ամեն տարի:  Եվ հարցը ոչ թե նվերներն ու ծաղիկներն են, այլ ուշադրությունն ու հոգատարությունը, սերն ու ջերմությունը, որոնք պետք է կնոջ կյանքի անբաժան մասը լինեն։ Մայրիկին կամ սիրելի կնոջը բավական չէ տարին մեկ անգամ ծաղիկ նվիրել ու բացիկում գրել, թե որքան ես նրան սիրում։ Անխոս, դա շատ հաճելի մանրունք է, սակայն մայրն ու կինը ձեզ նվիրում են իրենց սերն ու հոգատարությունը, հոգու ողջ ջերմությունը յուրաքանչյուր օր՝ սկսած առավոտյան վաղ պատրաստած սուրճից, մինչև երեկոյան տան դուռը  բացող ջերմ ժպիտը։

Չէի ուզի չափազանցնել կնոջ դերը։ Սակայն եթե փորձենք մի պահ պատկերացնել մեր կյանքն առանց մայրերի, սիրող կնոջ ու փոքրուց մեր լավագույն ընկեր հանդիսացող քրոջ, միանգամից ամեն ինչ կկորցնի գեղեցկությունը, ջերմությունը, կկորեն գույներն ու աստիճանաբար մեզ շրջապատող աշխարհը կսկսի քանդվել։ Երկու սեռերը ստեղծվել են հավասարակշռելու միմյանց և համատեղ կերտելու աշխարհը, միմյանց օգնելու ու առաջ մղելու։ Կինը ֆիզիկապես թույլ, հոգով ուժեղ, տղամարդուն հզոր դարձնող էակ է, որը միշտ սիրո ու ուշադրության կարիք ունի, այդպիսին են կանայք, նման ծաղիկի, որն անուշադրությունից թորշնոմ է։

Եկեք օգտվենք առիթից, շնորհավորենք մեր մայրերին, սիրելիներին ու քույրերին, մաղթենք նրանց հավերժ երջանկություն ու անհոգ ժպիտներ։ Եվ չմոռանանք շնորհակալություն հայտնել մեզ լույս աշխարհ բերելու և կյանքն իմաստավորելու համար։ Սիրենք ու գնահատենք նրանց տարվա բոլոր 365/366 օրերի ընթացքում։

«Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ ողջ անձնձակազմի անունից շնորհավորում եմ Ձեզ, սիրելի՛ կանայք, եղեք միշտ գեղեցիկ, սիրված ու գնահատված։

Աննա Կարապետյան