Յուպիտերը, Արուսյակն ու Քաղաքականությունը

«Եվ թող տարածություն լինի ձեր միասնության միջև,

Եվ թող երկնքի քամիները խաղան ձեր միջև:

Կանգնե՛ք միասին, բայց ոչ իրար շատ մոտ,

Քանզի տաճարի սյուներն առանձին են կանգնած:»

Խալիլ Ժբրան

Թերեւս, վերնագիրը կարդալուց հետո ակնկալում եք հոդված տիեզերքի, քաղաքականության,  կամ միաժամանակ երկուսի մասին: Աստղագետները վերջերս տարածեցին հայտարարություն, որն էլ առիթ հանդիսացավ այս մտորումներիս համար: Թագավորական Աստղագիտական Միության աստղագետ Ռոբերտ Մեսսին հայտարարել էր.

“Արեգակնային համակարգի երկու ամենապայծառ մոլորակները` Յուպիտերն ու Արուսյակը, հաջորդ երկու գիշերների ընթացքում առավելագույնս մոտենալու են իրար: Սա լինելու է Արուսյակ-Յուպիտեր լավագույն միությունը առաջիկա երկու տարիների ընթացքում: Երկու մոլորակներն էլ այնքան պայծառ են գիշերային երկնքում, որ, նույնիսկ, օրվա ընթացքում Արուսյակը նկատելի է լինելու: Թվալու է, թե մոլորակները ընդամենը մի քանի աստիճան են իրարից հեռու:”

Չնայած, մոլորակների թվացյալ մոտեցմանը երկնքում, բացարձակապես չի նշանակում, որ նրանք ֆիզիկապես մոտ են` երկու մոլորակները միմյանցից հեռու են միլիոն կիլոմետր: Սակայն, տարածության մեջ այդ հսկա հեռավորությունը չի խանգարում նրանց այս հրաշագեղ դուետով հանդես գալ ամեն երեկո:

Զարմանալի չէ՞, որ մոլորակները կարող են մոտենալ, սակայն երբեք չբախվել, չներխուժել մեկը մյուսի տարածք: Հիացմունքի է արժանի այն պարը, որ ստեղծում են այս զուգընկերները` առանց երբևիցե մեկը մյուսի ոտքերը տրորելու: Միթե, մենք, մահկանացուներս, չե՞ նք կարող նույն կերպ վարվել: Այնքան բան ունենք սովորելու նույն մոլորակներից. մոտ լինել, բայց երբեք չափազանց չմոտենալ:

Համոզված եմ, որ նույն սկզբունքը պիտի գործի նաև քաղաքականության մեջ: Դու կարող ես մոտենալ, պնդել, ընդվզել, բայց երբեւէ չներխուժել դիմացինի տարածք: Դա բնության օրենքին դեմ է:

Մեկ այլ հետաքրքիր և խորիմաստ դրույթ ևս. այն կետը, որտեղ մոլորակները ամենամոտն են իրար կոչվում է հակադիմություն (opposition անգլերեն): Փաստորեն, երբ մենք ընդդիմանում ենք, հակասում, երբ չենք համաձայնվում, այդ իսկ պահին մենք ամենամոտն ենք իրար, եթե, իհարկե, իրերին ճիշտ տեսանկյունից ենք նայում և պահպանում բնականոն դիստանցիան:

Լինի քաղաքականության մեջ, թե’ անձնական կյանքում, թե’ ամենամտերիմ ընկերության մեջ, մենք անձնական տարածության կարիքն ունենք, մենք չենք սիրում ներխուժողներին:

Սովորենք մոլորակներից. նրանք գիտեն ինչպես պար բռնել միասին, ինչպես մոտենալ, բայց երբեք չբախվել… Մի պահ կանգ առնենք, շունչ քաշենք ու մոլորակներից սովորենք անվերջ շարժման մեջ լինելն և իրար մոտենալիս երբեք դիմացինի տարածք չներխուժելը:

p.s. Իհարկե, ոմանք էլ այնքան են գերվում այդ գեղեցկությամբ, որ լապտերին են բախվում:

Գայա Սարգսյան